ՌԴ Վլադիմիրի մարզի Սուզդալ քաղաքում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը և ասիստենտ Երեմ Վարդազարյանը:
Քաղաքագետների միջազգային հավաքի հիմնական նպատակներից է բուհերի համար ստեղծել նոր՝ ազգային գաղափարախոսությունների վրա հիմնված ուսումնական դասագրքեր ու հրաժարվել արևմտյան արժեքներ տարածող և ներկայումս կիրառվող դասագրքերից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձի մեջ նշել է, որ կարևորում է միջազգային համագործակցության ամրապնդումը քաղաքագիտության ոլորտում, ինչպես նաև քաղաքագետների դերի բարձրացումը պետական կառավարման համակարգում:
Քաղաքագետների ռուսաստանյան միության առաջին համագումարի շրջանակներում համալսարանականները մասնակցել են միջազգային հարաբերությունների ժամանակակից խնդիրները քննարկող բաժանմունքի, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամին նվիրված կլոր սեղանի աշխատանքներին:
Հայ քաղաքագետները հանդիպումներ են ունեցել նաև ռուս գործընկերների հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության վերաբերյալ պայմանագրեր ստորագրել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի, ինչպես նաև Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև: