26.03.2019 | 
Քաղաքականություն
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՎԱՅԼԵՐԻ ՀԵՏ
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՎԱՅԼԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր և գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար, դոկտոր Թոմաս Շրապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին և հիմնադրամի գիտաշխատող Քրիստինա Բելմանին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին իր հրավերն ընդունելու համար և շեշտեց, որ ֆակուլտետի օրակարգային հարցերից մեկը երկկողմանի համագործակցության ընդլայնումն ու խորացումն է:

«Պետք է նշեմ, որ գերմանական ընկերությունները ֆակուլտետի միջազգային գործընկերների շարքում առանձնահատուկ դեր ունեն, և մեզ համար չափազանց կարևոր է առավել ընդլայնել մեր համագործակցության շրջանակը՝ նոր ոլորտներ ընդգրկելով»,- ասաց Գագիկ Ղազինյանը:



Դեկանը հույս հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կհաջողվի նաև իրավական դաշտում համագործակցության եզրեր գտնել:

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ Երևանում իրեն զգում է այնպես, ինչպես տանը:



Նա առանձնահատուկ կարևորեց համագործակցության դերն ակադեմիական, նաև բուհական դաշտում և շեշտեց կրթության ոլորտում փոխանակման գործընթացի դերը:

«Կրթության ոլորտում փոխանակման ծրագրերն առանձնահատուկ կարևոր են երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար»,- ասաց պարոն Վայլերը,- «մենք ավելի շատ երիտասարդ ուսանողների փոխանակման կարիք ունենք»:



Երկկողմանի սերտ համագործակցություն սկսելու նպատակով պարոն Վայլերն իր պատրաստակամությունը հայտնեց Յենայի համալսարանի հետ կապ հաստատելու հարցում՝ երկու համալսարանների միջև համագործակցության ուղիների ստեղծմանը նպաստելու համար:



«Իմ կարծիքով, արդյունավետ և ստացված համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը կողմերին անձնապես ճանաչելն է, այդ պատճառով ես շատ եմ կարևորում նմանատիպ հանդիպումների դերը»,- նկատեց Բունդեսթագի պատգամավորը:



Հանդիպման վերջում հյուրերը շրջայց կատարեցին Իրավագիտության ֆակուլտետում, և դեկան Գագիկ Ղազինյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունն ու ձեռքբերումները:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։
ՄԱՐԴԻԿ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ. ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով, որին ներկա էին լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը և «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին: