21.10.2019 | 
Հասարակություն
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ Է». «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ Է». «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ, «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրները, դասախոսներ և ուսանողներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ-ն հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում սիրով հյուրընկալել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության հաղթողին, իսկ 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչև տարվա վերջ:

Հանդիպման սկզբում ներկաները դիտեցին տեսանյութ Միրզա Դինայիի հիմնադրած «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության  գործունեության և ցուցաբերած մարդասիրական օգնության մասին:

«Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ Սիրիայում և Իրաքում, կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի ներկայացուցիչներին։

Միրզա Դինային փրկել է ավելի քան 1.500 մարդկանց, հիմնականում կանանց և երեխաների՝ օգնելով վերականգնողական բուժում ստանալ Գերմանիայում:

Դասախոսության սկզբում Միրզա Դինային շնորհակալություն հայտնեց հրավերի համար և շնորհավորեց ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակը, որից հետո ներկայացրեց իր գործունեությունն ու ապագայի ծրագրերը:

 

Այն հարցին, թե ինչպիսի զգացողություն ուներ, երբ հաղթողի անվանակարգում բեմից իր անունը հնչեցրին, Միրզա Դինային նշեց, որ շատ անսպասելի էր իր համար:

«Մարդասիրական գործունեությամբ զբաղվելն իմ կյանքի կարևորագույն մասն է, և ես «Ավրորա»-ն երբեք մրցույթ չեմ համարել,- ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը,- երբ բեմից իմ անունը հնչեցրին, ես ասացի, որ իմ մյուս գործընկերները նույնպես արժանի են այս մրցանակին»:

Խոսելով իր նպատակների մասին՝ Միրզա Դինային նշեց, որ «Ավրորա»-ն իրեն մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար մեծ հարթակ է տրամադրել:

 

«Ինձ համար «Ավրորա» ընտանիքի անդամ լինելը շատ պարտավորեցնող է, և ես փորձելու եմ այս ընթացքում ընտանիքի լավ անդամ դառնալ»,- ասաց նա:

Խոսելով ահաբեկիչների ձեռքից մազապուրծ եղածներին ցուցաբերած օգնության մասին՝ դափնեկիրը ներկայացրեց մի քանի կազմակերպություններ և ծրագրեր, որոնց շնորհիվ կանանց և երեխաներին տրամադրվել է սոցիալական ու հոգեբանական օգնություն:

«Այս պահին մենք աշխատում ենք երեք կազմակերպությունների հետ, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տուժածներին, այդ կազմակերպություններն են «ՍԻԴ» (SEED Foundation) և «Շայ» (Shai Fund) հիմնադրամները, «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը (Luftbrücke Irak)»,- պարզաբանեց Միրզա Դինային:

 

Հյուրը պատասխանեց նաև ուսանողներին հուզող հարցերին՝ ներկայացնելով  գործունեության ընթացքում հանդիպած խոչընդոտների հաղթահարման ուղիները, նշելով, որ մարդասիրական գործունեությունը պատասխանատվություն և շարունակական աշխատանք է ենթադրում, և եթե մարդը որոշել է զբաղվել մարդասիրությամբ, ուրեմն պետք է հստակ գիտակցի, որ դա ողջ կյանքի համար է:

«Մարդասիրական գործունեությունը չավարտվող աշխատանք է»,- վերջում նշեց Միրզա Դինային:

 

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ԿԱՅՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության անդամներն «Արցախի էլեկտրոնային գրադարան»-ի հանրայնացման նպատակով հանդիպել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ:
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը