23.04.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպել էր հանդիպում ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված ԵՊՀ ուսանողների հետ:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը մանրամասն ներկայացրեց ակումբի կողմից իրականցվող մարտական պատրաստության ծրագիրը: Նրա խոսքով, ակումբում հիմնականում ընդգրկված են այն ուսանողները, որոնք ԵՊՀ-ում ուսումն ավարտելուց հետո զորակոչվում են Հայոց ազգային բանակ՝որպես սպա:

 

«ԵՊՀ ռազմական ակումբի նպատակն է, որ ուսանողները համալսարանում սովորելու տարիներին, ուսումնական պլանով նախատեսված կրթական ծրագրերից զատ, ստանան նաև հավելյալ գիտելիքներ»,- մանրամասնեց նա:

 

Վահագն Վարագյանի խոսքով, ԵՊՀ ռազմական ակումբի շրջանակում ուսանողների համար կազմակերպվելու են կրակային և մարտական պատրաստության դասընթացներ ու գործնական պարապմունքներ, վրանային ճամբարներ, ինչպես նաև ռազմաքաղաքական թեմաներին նվիրված դասախոսություններ:

 

 

Դասախոսություններն անցկացվելու են հետևյալ թեմաների վերաբերյալ՝ «Թուրքիայի պաշտպանական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիոն գործընթացները», «Ադրբեջանի և նրա բնիկ ժողովուրդների մասին ընդհանուր տեղեկատվություն», «Ադրբեջանի քարոզչական հիմնական սկզբունքները», «Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները», «Ադրբեջանական ԶԼՄ-ների տիրույթը», «Քրդական գործոնը Հարավային Կովկասում», «Տեղեկատվական անվտանգության հիմունքները», «Հոգեբանական մեթոդների կիրառումը զինավորների պատրաստության գործընթացում» և այլն:

 

Դասախոսություններին մասնակցությունը լինելու է՝ ըստ ցանկության, ամսվա ընթացքում 3 անգամ, յուրաքանչյուրը՝ 1 ժամ: Ցանկացողները պետք է նախապես գրանցվեն: Դասախոսությունների մեկնարկը կտրվի 10 օրից: Իսկ հրաձգության դասընթացները կկազմակերպվեն ամսվա ընթացքում 2 կամ 3 անգամ:

 

Հանդիպման վերջում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենը պատասխանեց ուսանողներին հուզող բոլոր հարցերին:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: