23.04.2019 | 
Հասարակություն
«ԵԹԵ ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ՈՂՋ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՄԱՐԴՈՒՆ ՎԱՅԵԼ ԱՊՐԵՆՔ». ՀՀ ԶՈՒ ՍՊԱ, ՄԱՅՈՐ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
«ԵԹԵ ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ՈՂՋ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՄԱՐԴՈՒՆ ՎԱՅԵԼ ԱՊՐԵՆՔ». ՀՀ ԶՈՒ ՍՊԱ, ՄԱՅՈՐ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանի հետ:

Մեզ հետ զրույցում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն ընդգծեց, որ հերոս Սարգիս Ստեփանյանի օրինակը խրախուսող և ոգևորիչ է բոլորի համար:

 

Վերջինս 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները: Սակայն այդ ամենը նրան չի խանգարել, որ  բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցնի 4-րդ հորիզոնականը։ 

 

Նա ոչ միայն զբաղվում է սպորտով, այլև շարունակում է ծառայությունը ՀՀ զինված ուժերում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով հատուկ ջոկատայիններին:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները հետաքրքրվեցին Սարգիս Ստեփանյանի անցած դժվարին ուղուց, փորձություններով լի ծառայությունից:

 

«Ինձ համար կարևոր է ձեզ հետ խոսել, կիսվել, քանի որ դուք կարևոր գաղափարի շուրջ եք հավաքված»,- ընդգծեց մայոր Ս. Ստեփանյանը:

 

Նա ԵՊՀ ուսանողներին պատմեց, թե ինչպես է ընտրել զինվորականի ուղին, հիշեց սպորտային նվաճումներն ու ձեռքբերումները:

 

«Պատանեկան տարիքից զբաղվել եմ ծանրամարտով: Բայց 2014 թ. մարտական դաշտում վիրավորվելուց հետո ես զբաղվեցի բազկամարտով՝ դառնալով Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն»,- պատմեց ՀՀ ԶՈՒ սպան:

 

Անդրադառնալով սպորտային իր նվաճումներին՝ նա տեղեկացրեց, որ մայիսի 14-ին Աթենքում տեղի է ունենալու բազկամարտի Եվրոպայի առաջնությունը և վստահեցրեց, որ հայրենիք վերադառնալու է հաղթանակով:




Մայորը  պատմեց, որ զինվորական ճանապարհն ընտրելու գործում կարևոր է եղել հոր և ընկերների ազդեցությունը: «Հայրս ցանկանում էր, որ ես զինվորական դառնամ, քանի որ ինքն էլ Արցախյան շարժման մասնակից է եղել: Տարիներ անց, սեփական որոշմամբ, համալրեցի  Հատուկ նշանակության զորքերի շարքը»:

Այդ մուտքով էլ սկիզբ է դրվել Սարգիս Ստեփանյանի՝ զինվորական դժվար, փորձություններով լի կյանքը:

 

2014 թ. դիվերսիոն խմբի ներթափանցման արդյունքում վիրավորված զինվորին փրկելու համար Սարգիս Ստեփանյանը թույլտվությամբ անցել է ականապատված չեզոք տարածք և փորձել փրկել զինվորին: «Ես կորցրի 3 վերջույթներս, սակայն զինվորի կյանքը փրկել չհաջողվեց», - ասաց նա:

 

Զինվորական ծառայությունն ավարտած ուսանողներից մեկը՝ Հակոբ Ավետիսյանը, հետաքրքրվեց՝ արդյոք ինչ գործողություններ են սպասվում թշնամու կողմից, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, որին ի պատասխան՝ մայորը նշեց, որ թշնամուց պետք է ամեն ինչ սպասել, ուստի լավագույն տարբերակը մշտապես պատերազմի պատրաստ լինելն է: 

 

Իսկ այն հարցին, թե ինչն է պակասում մեր սերնդին, Ստեփանյանը նշեց, որ ամեն մեկը պետք է իր գործը լավ կատարի. «Ուսանողը պետք է լավ սովորի, զինվորը լավ ծառայի և, ի վերջո, ամեն մեկը պետք է  հայեցի մտածի և պահպանի ընտանեկան, ավանդական դաստիարակությունը. այդ դեպքում մենք կունենանք հզոր բանակ և պետություն»:

 

Ս. Ստեփանյանը հիմնել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, որտեղ մարզվում են հաշմանդամություն ունեցող անձինք. «Մենք պետք է ավելին անենք, քան մյուսները, չբողոքենք, չտրտնջանք, եթե Աստծո կամքով ողջ ենք մնացել, ապա պետք է մարդուն վայել ապրենք»:

Հանդիպման ավարտին  ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը Սարգիս Ստեփանյանին շնորհեց Մարտական պատրաստության ակումբի պատվավոր անդամի կոչում:


Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։