28.02.2019 | 
Գիտություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
 ՀԱՆԴԻՊՈՒՄ- ՔՆՆԱՐԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այսօր հանդիպեցին Ֆրանսիայի պետական խորհրդի դատավորներ Իվ Դուտրիոյի և Իվ Գունենի հետ։

Միջոցառման կազմակերպիչներն էին Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին՝ ամրապնդելով ընտրական վարչարարության կարողությունները, բարելավելով ընտրական օրենսդրությունը, խթանելով քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը, զարգացնելով ընտրական արդարադատությունը, ինչպես նաև ներգրավել երիտասարդներին քաղաքացիական ակտիվության մեջ։



Այս ծրագիրն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից և տևելու է չորս տարի (2018-2022 թթ.)։

Հանդիպման սկզբում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հյուրերին ու հույս հայտնեց, որ ծավալվելու է շատ հետաքրքիր քննարկում։

Ներկայացնելով իրենց կատարած աշխատանքի բնույթը՝ դատավորները նշեցին, որ շատ դժվար է միաժամանակ լինել թե՛ դատավոր, թե՛ երկրի պետական խորհրդի անդամ, սակայն միևնույն ժամանակ դրանք միմյանց օգնում են։



Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ այս նախագիծը, կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, օգնում է խթանել ընտրությունների ամբողջականությունը ընտրական վարչարարության մասնագիտական զարգացման միջոցով՝ նպաստելով քաղաքացիների ավելի լայն ներգրավվածությանը ընտրությունների անցկացմանն ու քաղաքական գործընթացներին։

Միջոցառման ընթացքում դատավորների և Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների միջև ծավալվեց զրույց հանրային իրավունքի և օրենքի գերակայության սկզբունքների մասին, քննարկվեցին վարչական արդարադատությունը և պետական խորհրդի դերը, ինչպես նաև ընդունված օրենսդրության` իրավական տեսանկյունից վերանայման կարևորությունը։ Նրանք խոսեցին նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունների, ընտրական համակարգի կառուցվածքի առավելությունների և թերությունների մասին։
Ուսանողները բավականին հետաքրքրված էին և հակված էին ավելին իմանալու բանախոսների փորձի մասին։



Բանախոսները Ֆրանսիայի արդարադատական համակարգը ներկայացնելիս անդրադառնում էին նաև Եվրոպական այլ երկրների փորձին։

Ծավալուն քննարկման արդյունքում ԵՊՀ ուսանողները ստացան պատասխաններ իրենց՝ ընտրական գործընթացին վերաբերվող հարցերի, քաղաքացիների մասնակցության թվի մասին և իմացան, թե ինչպես կարելի է ապահովել ընտրական գործընթացի թափանցիկությունը։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: