26.04.2019 | 
Ուսանողական
ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
ԴԻՄՈՐԴՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդների համար Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ֆակուլտետում կազմակերպվել էր անվճար դասընթաց:

Նոր մեդիա և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանն ապագա ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի ընդունելության քննությունների  ծրագրերը և չափորոշիչները: Նա նշեց, որ «Բանավոր հաղորդակցման մշակույթ» ներբուհական մասնագիտական ընդունելության քննության նպատակն է ճշտել ընտրած ոլորտի վերաբերյալ դիմորդի իմացության մակարդակը, միտքը տրամաբանորեն և գրագետ ներկայացնելու կարողությունը:

 

«Այս քննության ընթացքում դիմորդը պետք է կարողանա ներկայացնել իր նախընտրած լրատվամիջոցը, տեղյակ լինի, թե ովքեր են այդ լրատվամիջոցի առաջատար լրագրողները, ծանոթ լինի լրագրության մի քանի ոլորտների»,- ասաց նա և հավելեց, որ կարևորվում է դիմորդի վերլուծական միտքը, ինքնուրույն կարծիքը, գնահատականը:

 

Խրախուսելի կլինի, եթե դիմորդը ծանոթ լինի մեր դասական և ժամանակակից գրող-հրապարակախոսներին, արվեստագետներին, նրանց հանրահայտ ստեղծագործություններին: «Ցանկալ է, որ դիմորդը տեղյակ լինի մեր նորօրյա պետականության հիշարժան տարեթվերին, նշանակալի իրադարձություններին, Արցախյան գոյամարտի հերոսական դրվագներին»,- նկատեց Դ. Պետրոսյանը:

 

 

Բանախոսը, անդրադառնալով «Ստեղծագործական աշխատանք» կենտրոնացված ընդունելության քննությանը, նշեց, որ դրա նպատակն է ստուգել դիմորդի ստեղծագործական ունակությունները, ասելիքի ինքնատիպ և գրագետ շարադրելու հմտությունները: «Քննության ժամանակ դիմորդին ներկայացվում է երեք ազատ թեմա, որոնցից նա ընտրում է մեկը և շարադրում է տրված ժամանակահատվածում: Աշխատանքում ինքնատիպ նախադասությունների, պարբերությունների, ուշագրավ մտքերի առկայության դեպքում հանձնաժողովը կարող է մինչև 2 միավոր խրախուսել դիմորդին»,- ասաց նա:

 

Մեզ հետ զրույցում Դավիթ Պետրոսյան նշեց, որ նմանաբնույթ հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, և ֆակուլտետը մանրամասն ներկայացնում է դիմորդներին քննությունների հարցերի շրջանակը և թեմաները:

 

Հանդիպման վերջում Նոր մեդիա և հաղորդակցության ամբիոնի վարիչը պատասխանեց դպրոցականների հարցերին:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: