26.05.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների թոռների ու ծոռների հետ։

Հանդիպումը հանրությանը և հատկապես համալսարանականներին տրված բացառիկ հնարավորություն էր ճանաչելու Հայաստանի առաջին Հանրապետության հայտնի  գործիչների ժառանգներին, ինչպես նաև անձամբ նրանցից լսելու ընտանեկան պատմությունները և ուշագրավ հիշողությունները:

 

Հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Համազասպ Օհանջանյանի թոռնուհի Լիզա Մեհրաբյանը,  ՀՀ պետական գործիչ, ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանի (Արմեն Գարո) եղբոր՝ Վահան Փաստրմաջյանի թոռնուհի տիկին Աննա-Մարին, Երևանի ոստիկանապետ Արտավազդ Ատոմյանի թոռները՝ Վիկտորը և Արթուրը,  ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարար Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի և հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ Քրիստափոր Աբակումյան-Վերմիշյանի թոռ Միքայել Վերմիշյանը, ՀՀ առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռ Արմեն Սահակյանը, մշակութային ու հասարակական գործիչ Հայկ Սերենկուլյանի թոռնուհի Ալիս-Սեդա Սերենկուլյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից և իրականացնողներից Արամ Երկանյանի ծոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը:

 

Միջոցառման նախաձեռնող, Հայոց նորագույն պատմության ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Մայքլ Բաբայանը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրեց նշանավոր գործիչների կենսագրությունը, ծանոթացրեց նրանց գործունեությանը և կարևոր դերակատարությանը:

 

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի առաջին Հանրապետության նշանավոր գործիչները լքեցին հայրենիքը և ստիպված այլ վայրերում հաստատվեցին: Տարբեր երկրներում բնակություն հաստատելուց հետո մեր նվիրյալների ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին: Եվ այսօր զարմանալի չէ, որ նրանց ժառանգների մեծ մասն արտասահմանից են ժամանել Հայաստան»,- իր խոսքում ասաց Մայքլ Բաբայանը:

 

Հայկ Սերենկուլյանի թոռնուհի Ալիս-Սեդա Սերենգուլյանը ներկաներին ասաց, որ պապիկին չի հասցրել լավ ճանաչել և նրա մասին պատմությունները տատիկից է լսել. «Գիտեմ, որ մեծ գործունություն է իրականացրել հայ որբերին ապաստան տալու հարցում: Բավականին դժվար պայմաններում դպրոց է հիմնել, և երբ քեմալիստները հասել են նրանց, 1918 թ.-ին որբերի հետ Հայաստան է եկել: Իր կյանքի ընթացքում լինելով արտասահմանում՝ մեծ օգնություն է տրամադրել նաև հայ փախստականներին»:

 

Արտավազդ Ատոմյանի թոռ պարոն Արթուրը պատմեց, որ իր պապի մեծագույն ցանկությունն անկախ պետականությունն էր. «Երազանքի իրականացումից երկու տարի անց՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արտավազդ Ատոմյանը մեկնել է Բուլղարիա, այնուհետև հաստատվել Ռումինիայում: Մայրիկս այնտեղ է մեծացել: Մի շարք երկրներ տեղափոխվելուց հետո ընտանիքը հաստատվել է Գերմանիայում, որտեղ էլ պապիկս մահացել է, որից հետո տատիկս երեխաների հետ մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ»:

 

Գևորգ Մելիք-Ղարագյոզյանի և Քրիստափոր Վերմիշյանի թոռ Միքայել Վերմիշյանը ցավով նշեց, որ երկու պապերին էլ չի տեսել, բայց նրանց արխիվները պահպանվել են, որոնք հիմա տեղափոխվել են պետական արխիվ. «Երկու պապերս էլ նշանավոր գործիչներ են եղել և ակտիվ գործունեություն իրականացրել: Արխիվներում նրանց երկուսի պատմություններն էլ պահպանված են»: Ի դեպ, Միքայել Վերմիշյանն ապրում է Հայաստանում:

 

Ավետիք Սահակյանի թոռ Արմեն Սահակյանը ժամանել է Լոնդոնից: Նա ներկաներին պատմեց, որ մայրը բնիկ երևանցի է, տեսել է այդ ժամանակաշրջանի ամբողջ անցուդարձը, իսկ հայրը ծնվել է Լոռիում, մեծացել է Թիֆլիսում. «Հայր Աբրահամը խորհրդարանի նախագահն էր: Կարգերի փոփոխությունից հետո մոտ տասը հազար մարդկանց հետ ընտանիքով արտագաղթել է: Ինձ համար ամենակարևորն այն է, որ պապիկս և նրա ընկերներն են խորհրդարանի հիմքը դրել, որը ժողովրդի լիազոր մարմինն էր: Ներկայիս Հայաստանում այսօր էլ գործում է նույն համակարգը, որը փաստում է, որ նրանք ճիշտ ճանապարհին են եղել»: Լրագրողների հետ զրույցում պարոն Սահակյանն ասաց, որ իր անձնական միջոցներով Ստեփանավանում հրապարակ է հիմնել, որտեղ կտեղադրվի  պապու՝ Ավետիք Սահակյանի արձանը:

 

Վահան Փասրմաջյանի թոռնուհի տիկին Աննա-Մարին ասաց, որ պապիկի մասին հիշողությունները շատ չեն, քանի որ վերջինս մահացել է, երբ տիկին Աննա-Մարին 7 տարեկան էր. «Բայց ես լավ հիշում եմ և հետո էլ լսել եմ, որ նա շատ բարի մարդ էր և սիրում էր ծիծաղաշարժ պատմություններ պատմել: Նա իր գործունեության մասին շատ չի պատմել ընտանիքի անդամներին՝ չցանկանալով, որ նրանք իմանան իր ապրած դժվարությունների մասին: Այստեղ ես ծանոթացել եմ ընտանիքիս պատմությանը և երջանիկ եմ, որ այժմ Հայաստանում եմ»:

 

Օհանջանյանի թոռնուհի Լիզա Մեհրաբյանը պատմեց, որ պապիկի մասին շատ տեղեկություններ չի ունեցել, քանի որ իր ներկայությամբ հարազատները գրեթե չեն խոսել նրա գործունեության մասին. «Գիտեմ, որ նա էլ է արտագաղթել հայրենիքից, եղել է Իտալիայում, ապրել է Գերմանիայում: Այնուհետև, մեկնելով Եթովպիա՝ դարձել է թագավորի անձնական բժիշկը, հետո էլ տեղափոխվել Եգիպտոս ու անվճար բուժել սոցիալապես անապահով մարդկանց: Նա մահացել է Եգիպտոսում, աճյունն էլ մինչ այժմ ամփոփված է Կահիրեում»: Տիկին Լիզան այսօր նույնպես ապրում է Հայաստանում:

 

Արամ Երկանյանի ծոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ապրում է Արգենտինայում, որտեղ հաստատվել էր տատիկի հայրը. «Մեր ընտանիքում բոլորս հայի հետ ենք ամուսնացել, որովհետև սիրում ենք հայի տեսակը»: Ալեքսիա Ասատուրյանն ասաց, որ ամուսնու հետ հաճախ է այցելում Հայաստան. «Մեզ համար կարևոր էր այս օրերին լինել Հայաստանում, քանի որ Արամ Երկանյանը հարյուր տարի առաջ մեծ գործունեություն է իրականացրել և իսկական զինվոր է եղել: Ցավոք, նա իր զավակին չի տեսել, մենք էլ նրան չենք ճանաչել, բայց երբ նկարին նայում ենք, զգացողություն է, որ կարծես նրան միշտ ճանաչել ենք»:  Ալեքսիա Ասատուրյանն ասաց նաև, որ վերջին փոփոխությունները նոր հույսեր են արթնացրել իրենց համայնքում, և 40 արգենտինահայ երիտասարդներ որոշել են տեղափոխվել և ապրել Հայաստանում:

 

Հանդիպման ընթացքում ներկաները նաև իրենց հուզող հարցերն ուղղեցին Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների ժառանգներին:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: