05.10.2017 | 
Ուսանողական
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՊՀ ավագների խորհրդի համակարգող խմբի անդամների հանդիպումը ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ:

Երկար ժամանակ է, ինչ ԵՊՀ ավագների խորհրդի համակարգող խմբի անդամները ուսումնասիրում են Մայր բուհի ուսանողությանը հուզող հարցերը, այդ թվում՝ ԵՊՀ գրադարանի աշխատանքներին առնչվող խնդիրները: Ուսանողների կողմից առաջարկված դիտարկումները քննարկվել են խորհրդի նիստերի ժամանակ: Ներկայացված խնդիրները պարզաբանելու, լուծման համար եղանակներ առաջարկելու, խորհրդակցելու և ուսանողներին մտահոգող հարցերի պատասխանները բարձրաձայնելու նպատակով Ավագների խորհրդի կողմից կազմակերպվեց հանդիպում-քննարկում ԵՊՀ գրադարանի տնօրենի հետ:

 

Հանդիպման ընթացքում Եզնիկ Միրզոյանն անդրադարձավ գրադարանի գործունեությանն առնչվող մի քանի հիմնական հարցերի՝ էլեկտրոնային ռեսուրսներ, նոր գրքերի անհրաժեշտություն, ուսանողական տոմսերի տրամադրման ժամանակահատված և այլն:

 

«Հայաստանում չկա այնպիսի կառույց, որն ունենա այնքան էլեկտրոնային ռեսուրսներ, որքան ունի մեր գրադարանը: Ուսանողները էլեկտրոնային ռեսուրս ասելիս պատկերացնում են էլեկտրոնային գրքերը: ԵՊՀ գրադարանի կայքեջում տեղադրված են 5000-ից ավելի միավոր սկանավորված ուսումնական գրքեր, որոնք առաջարկվում են ուսանողներին ուսումնառության ընթացքում»,- նշեց գրադարանի տնօրենը և հավելեց, որ եթե համեմատենք հայաստանյան գրադարանները, ապա կտեսնենք, որ ԵՊՀ գրադարանը առաջինն է թվայնացման առումով:

 

ԵՊՀ ղեկավարության քննարկման փուլում է ուսումնական գրականության ապահովման գործընթացը, որը բաղկացած է երկու հիմնական շեշտադրումներից: Առաջին՝ ԵՊՀ-ի տարածքում գրքերի վաճառքն իրականացնում է միայն կենտրոնական մասնաշենքի նախասրահում գործող գրախանութը: Եվ երկրորդ՝ գրադարանը պետք է ապահովված լինի ուսանողներին հանձնարարվող գրականությամբ և մշտապես ձեռք բերի նոր գրքեր: Ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ ֆակուլտետներին տրվել է 1-ամսյա ժամկետ՝ բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսումնական գործընթացի  համար անհրաժեշտ գրականության ցանկը կազմելու և գրադարանին տրամադրելու համար:

 

Գրադարանի տնօրենը հավելեց, որ այսօր առավել մեծ շեշտադրում ունի ընթերցասրահների հարցը. «Ուսանողը պետք է սովորի օգտվել ընթերցասրահից, իսկ դրա համար պետք է մշակույթ ձևավորվի: Ուսանողը ոչ թե տարվա սկզբին պետք է գիրքը վերցնի գրադարանից, պահի տան գրադարակում և տարվա վերջում (երբեմն նաև ուշացումներով) նոր վերադարձնի, այլ կարողանա կարդալ էլեկտրոնային տարբերակով գրականություն»:

 

Այնուհետև ուսանողները բարձրաձայնեցին ընթերցասրահը համապատասխան կահավորմամբ և հարմարավետ պայմաններով ապահովված լինելու հարցը: Ըստ Եզնիկ Միրզոյանի՝ նախատեսվում է բարեփոխել հին ընթերցասրահներից երկուսը, սակայն հիմնովին վերանորոգման համար անհրաժեշտ է մեծ ֆինանսավորում: Հարցի վերջնական լուծման համար ժամանակ է անհրաժեշտ, քանի որ այն ներառում է նաև աշխատանքային լայն ոլորտներ՝ ջեռուցումից մինչև դիզայներական խորհրդատվություն:

 

Քննարկման ընթացքում ավագները հնարավորություն ունեցան գրադարանի տնօրենին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին գրադարանում օգտագործվող համակարգչային ծրագրին, աշխատակիցների որակավորմանը, ամսագրերի բաժանորդագրություններին և այլն, ինչպես նաև հանդես եկան առաջարկներով:

 

Հանդիպմանը մասնակից ուսանողները շեշտեցին, որ ուսանողներից շատերը պատրաստ են մի շարք աշխատանքներում (որտեղ մասնագիտական խորացված գիտելիքներ հարկավոր չեն) կամավոր սկզբունքով օգնել գրադարանին և առաջարկեցին մեխանիզմներ մշակել այդ ներուժը օգտագործելու համար: 

Այլ նորություններ
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԻՑ «ՄԻ ԿՏՈՐ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողները նշում էին Երևանի տոնը: