10.04.2018 | 
Քաղաքականություն
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԹԻՎ 13 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԳԻՏԵԼԻՔԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԹԻՎ 13 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
«ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը տարածաշրջանում ունի լավագույն հնարավորությունները բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար: Ֆարմացիայի բոլոր ուղղություններով գործնական աշխատանքներ կատարելու համար ստեղծված են ժամանակակից պայմաններ: Լսարանում ստացած գիտելիքն ուսանողն ամրապնդում է ժամանակակից լաբորատորիաներում»,- Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը:

Նշենք, որ այսօր Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են  Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց: Հանդիպման նպատակն էր նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև  դեպի ԵՊՀ ուղղորդելուն: Հանդիպումը կազմակերպել  էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:

 

Հանդիպման ընթացքում Ա. Սաղյանը ներկայացրեց ինստիտուտի կրթական և գիտական գործունեության, նորարարական ծրագրերի մասին: «Մեր ինստիտուտում տեսական գիտելիքներին զուգակցվում են հետազոտական աշխատանքները: Մեզ մոտ ուսանողներն ոչ միայն տեսական գիտելիքներ են ստանում, այլև մեր լաբորատորիաներում կիրառում են իրենց հմտությունները: Դիմորդներն ինստիտուտն ավարտելուց հետո դառնում են պատրաստի մասնագետներ, որոնք առանց դժվարությունների աշխատաշուկայում գտնում են իրնեց տեղը»,-հավելեց նա:

 

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենը նաև հայտնեց, որ ինստիտուտի լաբորատորիայում ուսանողն իր ձեռքով դեղահաբ և դեղապատիճ է պատրաստում, իսկ նախկինում ուսանողները գործնական պարապմունքների համար գնում էին դեղագործական տարբեր ընկերություններ:  «Ուսանողը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտն ավարտելուց հետո ստանում է դեղագետի որակավորում, որն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունի: Դա է վկայում այն փաստը, որ մեր բոլոր շրջանավարտներն աշխատում են իրենց մասնագիտությամբ»,- փաստեց Ա. Սաղյանը:

 

         

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում աշակերտների հետ հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, կենսաբանության, արևելագիտության, պատմության, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ Մարինե Գևորգյանն էլ աշակերտների հետ զրույցում անդրադարձավ Առաջին Հանրապետության հռչակման, ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին:  «Ես տպավորված եմ ավագ դպրոցի աշակերտների գիտելիքներով: Հանդիպումները վկայում են, որ մարզերի դպրոցների աշակերտներն ունեն գիտելիքների հարուստ պաշար, ուղղակի անհրաժեշտ է նրանց օգնել մասնագիտական կողմնորոշման հարցերում, ուղղորդել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով» ,-հավելեց նա:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՏԱՆԸ». ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին:
«ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: