07.11.2018 | 
Հասարակություն
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ». ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ». ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:  

Դեսպանն առաջին անգամ էր այցելում ԵՊՀ, ուստի Արամ Սիմոնյանը համառոտ ներկայացրեց համալսարանի անցած ուղին: Ռեկտորն անդրադարձավ նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի և Ռուսական կենտրոնի գործունեություններին: Այնուհետև Սերգեյ Կոպիրկինը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեց ուսանողների հետ:

 

Դեսպանը ողջույնի խոսքում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ խոսելով այդ հարաբերությունների ամուր հիմքերի և բազմակողմանիության մասին:

 

«Հայ և  ռուս ժողովուրդների բարեկամությունը շատ երկար տարիների փորձ և պատմություն ունի: Այն իր մեջ ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է: Մեր առաջնային նպատակն է շարունակել արդեն առկա ավանդույթները, որոնք ձևավորվել են այս բարեկամության ընթացքում»:

 

 

Սերգեյ Կոպիրկինը, խոսելով Ռուսաստանում ապրող հայ համայնքի մասին, նշեց, որ այն շատ ազդեցիկ է և մեծ ներդրում ունի Ռուսաստանի ամենատարբեր ոլորտների զարգացման գործում. «Ռուսաստանի ժամանակակից պատմությունն առանց հայերի հնարավոր չէ պատկերացնել»:

Դեսպանը խոսեց նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները. «Շատ հատկանշական է, որ այդ փոփոխությունները համընկան իմ նշանակման հետ: Ես հայ ժողովրդի հետ ականատես դարձա քաղաքական այդ ողջ գործընթացին»: Այնուհետև դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչպիսի միջմշակութային ծրագրեր է դեսպանությունը պատրաստվում իրականացնել բուհում, արդյոք Հայաստանում նույնպես տեղի կունենան գրական փառատոններ ժամանակակից ռուս գրողների մասնակցությամբ:

Բանախոսը նշեց, որ ամեն ինչ կանի երկկողմանի հարաբերություններն ակադեմիական և մշակութային ոլորտում ավելի ամրացնելու համար:

 

Ուսանողներին նաև հետաքրքիր էր, թե ինչ վայրեր խորհուրդ կտա դեսպանը Հայաստան այցելած զբոսաշրջիկներին:

«Ես նրանց խորհուրդ կտամ ճամփորդությունը սկսել հենց Երևանից, քանի որ Երևանն առանձնահատուկ էներգիա և  ջերմություն ունեցող քաղաք է: Հետո, իհարկե, պետք է այցելել թանգարաններ, լինել թատրոնում և վայելել երևանյան ջազը»,- ասաց դեսպանը:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Շահինյանի մասին պատմում է նրա որդին՝ ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Շահինյանը:
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր «Սեռական ոտնձգությունները աշխատավայրում․ Հնդկաստանի իրավական ակտերի վերլուծություն» թեմայով հետազոտություն ներկայացրեց Դելիի համալսարանի հետազոտող Անուշ Գասպարյանը: