05.02.2019 | 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԻԶԻԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԻԶԻԿԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում Աստրախանի համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետի դեկան Նիկոլայ Վիբորնովի հետ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը, որին ներկա էին Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վլադիմիր Ներկարարյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Ատոմ Մուրադյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և գիտափորձի ավտոմատացման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանը:

Հանդիպման ընթացքում Աստրախանի համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետի դեկան Նիկոլայ Վիբորնովը պատմեց ֆակուլտետի պատմության ու ներկայիս գործունեության մասին:

«Պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետը բավականին ակտիվ ներգրավված է հատկապես միջազգային համագործակցության ծրագրերում,- նշեց Նիկոլայ Վիբորնովը,- ամեն տարի մենք ունենում ենք ուսանողներ, որոնք հերթական ուսումնական կիսամյակը շարունակում են արտասահմանյան բուհերում, և մենք շատ ենք կարևորում համագործակցությունը ոչ միայն ակադեմիական դաշտում, այլև կոնկրետ ծրագրերի իրականացման գործընթացում»:

 

Աստրախանի համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը զբաղվում է ինչպես ռոբոտաշինության, ուլտրամանուշակագույն ճառագայթների և մագնիսական դաշտերի ուսումնասիրության, այնպես էլ շրջակա միջավայրի աղտոտվածությանը վերաբերող հարցերով:

Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Ատոմ Մուրադյանը նույնպես կարևորեց երկկողմանի համագործակցության համար քայլեր մշակելը:

«Մենք միշտ էլ կարևորել ենք տարբեր համալսարանների հետ համագործակցության ծրագրերը, որոնք, իհարկե, իրենց դերն ունեն ֆակուլտետի զարգացման գործում, և պետք է նշեմ, որ համատեղ ծրագրերի իրականացումն ինչպես փորձ, այնպես էլ նոր կապեր ձեռք բերելու լավ հնարավորություն է»,- նշեց Ատոմ Մուրադյանը:

Անի Պողոսյան