06.05.2019 | 
Ուսանողական
«ARMACAD»-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ARMACAD»-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում «ARMACAD» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանի հետ։

«ARMACAD»-ը հարթակ է ուսանողների և գիտնականների համար՝ փնտրելու ու գտնելու կրթաթոշակներ, ամառային դպրոցներ, դրամաշնորհներ, գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլ ուսուցողական ու հետազոտական հնարավորություններ ամբողջ աշխարհում։

Ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Հանդիպման սկզբում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը ողջունեց ներկաներին ու հույս հայտնեց, որ այս հանդիպումն արդյունավետ է լինելու ուսանողների համար։

 

Հանդիպման կազմակերպիչը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Երիտասարդ դիվանագետների» ակումբն էր: Ակումբի պատասխանատու Անահիտ Ղազարյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց «ARMACAD» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանին՝ իրենց հրավերը չմերժելու համար:



Իսկ «ARMACAD» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը պատմեց իրենց ընկերության ստեղծման, գործունեության և ապագա ծրագրերի մասին։  Նա նշեց, որ տարատեսակ կրթական ծրագրերին դիմելն ուսանողի համար պետք է առաջնահերթություն լինի, և խորհուրդ տվեց անընդհատ փորձել սովորել ու իմանալ ավելին։


Հանդիպման ընթացքում Խ. Գևորգյանը խոսեց նաև իրենց և ԵՊՀ-ի միջև համագործակցության մասին՝ նշելով, որ այն թույլ է տալիս բազմաթիվ ուսանողների սովորել արտերկրում, մասնակցել ամառային դպրոցների ու ստանալ կրթաթոշակներ։

«ARMACAD»-ի գործադիր տնօրենն ուսանողներին պատմեց նաև, թե ինչպես պետք է կազմված լինի CV-ն՝ միջազգային հարթակներում հաջող ներկայանալու և առավելություն ունենալու համար։ Ճիշտ CV կազմելու համար, ըստ Խ․ Գևորգյանի, բավարար է միայն մեկ էջը, և պարտադիր չէ կցել լուսանկար, քանի որ CV-ն պետք է ընդունեն ոչ թե այն ուղարկողի արտաքին տեսքի, այլ հմտությունների համար։



Հանդիպման ընթացքում նա ներկաներին ծանոթացրեց «ARMACAD»-ի կայքին, ցույց տվեց, թե ինչպես է պետք օգտվել դրանից, ու բացատրեց մի քանի քայլեր, որոնք դիմողի համար էլ ավելի կհեշտացնեն կրթական ծրագիր, գիտաժողով կամ ամառային դպրոց գտնելու գործընթացը։
Հանդիպումը եզրափակվեց՝ թեմայով հետաքրքրված ուսանողների հարցերին պատասխանելով։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների դիմավորման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին: