07.12.2018 | 
Կրթություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԽՈՍԵՑ ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԽՈՍԵՑ ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ Պալեաների անվան դահլիճում այսօր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարչության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև կուրսանտուհիներ զինվորական ուսումնական հաստատություններից։

Պարոն Ավետիսյանը հանդիպման սկզբում ողջունեց ուսանողներին, ներկայացավ ու հավելեց, որ ինքը համատեղության կարգով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ է։ Նա խոսեց հանդիպման նպատակի մասին՝ շեշտելով, որ դա բաց դաս-քննարկում է, ու ինքն ակնկալում է ուսանողների ակտիվ մասնակցությունը։ 

«Հայաստանում մեկնարկել է «ընդդեմ սեռական բռնության» տասնվեցօրյակ։ Պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ մոտավորապես 6 տարի իրականացնում է զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության թեմայով միջոցառումներ»,- ասաց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարչության կենտրոնի պետը։ Նրա խոսքով, նմանօրինակ հանդիպումներն ունեն իրազեկման, ընդհանուր պատկեր ստեղծելու նպատակ։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, որը նույնպես ներկա էր գիտաժողովին, և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ողջունեցին ուսանողներին և կուրսանտուհիներին՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը կլինի արդյունավետ բոլորի համար։ 

«Ողջունում եմ բոլորիդ ու շնորհակալություն հայտնում Ձեր հետաքրքրվածության համար։ Աշխարհը տարիներ շարունակ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածը նշում է 16-օրյակ ընդդեմ կանանց և աղջիկների բռնության, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են իրականացվում և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում»։

Նա նշեց, որ ՊՆ-ի հետ իրենք 3 միջոցառում են անցկացնելու, որոնցից առաջինն այսօր ԵՊՀ-ում է իրականացվում։

Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը շեշտեց. «Շատ լավ է, որ այս քննարկումը ԵՊՀ-ում է տեղի ունենում։ Համալսարանը պետք է միշտ ապրի»։ 

Հանդիպմանը ներկա «Օգնություն և իրավունք» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ այն տեղերում, որտեղ աշխատում են կին սպաներ, մթնոլորտը դրական է։

Գիտաժողովի ընթացքում Ալիկ Ավետիսյանը կարճ ներկայացրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևը. «Ես ուզում եմ անդրադառնալ 1325 բանաձևին, որն ընդունվեց 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ու դարձավ հիմնական ուղղորդող գործոն, որի շուրջ երկրները սկսեցին կառուցել իրենց ռազմավարությունները: Անվտանգության խորհրդի բանաձևն ունի հիմնական 4 ուղղություններ՝ մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում, վերականգնում»:

Քննարկման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ուսանողներն իմացան, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ուղղությունները։ Ի վերջո, բոլորը համակարծիք էին, որ նման միջոցառումներն ուղղված են նրան, որ մասնագիտական աճի համար սեռով պայմանավորված արհեստական խոչընդոտներ չլինեն։

Գիտաժողովի երկրորդ մասում ԵՊՀ ուսանողների համար տեսապատկերի միջոցով ներկայացվեցին կանանց դեմ սեռական բռնությունը կանխարգելելու միջոցները։ 

«Հայաստանի պաշտպանության բանակում սեռական բռնության դեպքերը տարածված չեն, բայց ամեն անգամ խոսելով այս թեմայի մասին՝ մենք նպաստում ենք հասարակության մեջ կարծրատիպերի վերացմանը։ Բռնությունը խտրականության ծայրահեղ ձևն է։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են առանց բռնության հասարակություն ունենալուն»,- ընդգծվեց տեսապատկերի մեջ։

Խոսվեց այն մեխանիզմների ստեղծման մասին, որոնք թույլ կտան բացահայտելու բռնության դեպքերն ու կանխարգելել դրանք։ 

Կուրսանտուհիներից մեկն ասաց, որ այս միջոցառումների շնորհիվ նա մեծ փոփոխություն է նկատել. «Մենք հասել ենք նրան, որ տղաներն արդեն ավելի հեշտ են ընդունում մեզ իրենց կողքին»։

ՊՆ-ի կողմից արված մի հետազոտություն էլ ներկայացվեց, ըստ որի՝ ռազմական ուսումնական հաստատություն ընդունված կուրսանտուհիների մտածելակերպը փոխվում է, երբ նրանք անցնում են զինվորական ծառայության։ Եթե սկզբում նրանք նշում էին, որ զինված ուժերում ծառայելու համար իրենց անհրաժեշտ են կամքի և ֆիզիկական ուժ, վճռականություն, չնահանջելու ունակություն, հիմա, երբ արդեն զորամասերում են, ասում են, որ կարևորը  հանդուրժողականությունն է, հարմարվելու ունակությունն ու համեստությունը։

Բաց դաս քննարկման ընթացքում թե՛ ուսանողների և թե՛ կուրսանտուհիների բոլոր հարցերը՝ ուղղված միմյանց ու ՊՆ ներկայացուցչին, ստացան իրենց պատասխանները։ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարչության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը խոստացավ, որ մյուս հարցերին կպատասխանի հաջորդ հանդիպման ընթացքում։

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «ՇՐՋՎԱԾ ԼՍԱՐԱՆՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները: