15.09.2017 | 
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում:

Նոր ուսումնական տարվա առաջին երկու շաբաթների ընթացքում ԵՊՀ ռեկտորատը ներկայացուցչական կազմով հանդիպումներ ունեցավ բոլոր ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ:

 

Այսօր տեղի ունեցած հանդիպումներին ռեկտորատի ներկայացուցիչներից մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ինչպես նաև նշված ֆակուլտետների դեկանները:

 

Ռեկտորատի անունից շնորհավորելով առաջին կուրսեցիներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ պրոռեկտոր Մարկոսյանը նշեց, որ հանդիպումներն ունեն  ճանաչողական բնույթ, նպատակն է ուսանողներին տեղեկացնել ներհամալսարանական մի շարք գործընթացների և հնարավորությունների մասին:

 

ԵՊՀ պրոռեկտորը խոսեց ներբուհական հաղորդակցության միջոցներից՝ ուսանողական էլ. փոստից, ինտերնետային պորտալից, թերթից, սոցիալական ցանցերում ԵՊՀ էջերի արդյունավետ օգտագործումից, ուսանողների՝ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածությունից:

 

Պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ տվեց հատուկ ծանոթանալ գրադարանին և դրանից օգտվելու կարգին, հավելեց, որ գոյություն ունի նաև գրքեր պատվիրելու առցանց եղանակ, տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ուսանողներին իրենց ուսումնառության հետ կապված տեղեկություններ են տրամադրելու: Նա նաև հորդորեց առաջին կուրսեցիներին պահանջատեր լինել, որպեսզի նրանց հետ աշխատող կառույցներն ու մարդիկ պարտաճանաչ ու հետևողական լինեն՝ լուծելու ուսանողների առջև ծառացած խնդիրները:

 

 

«Համալսարանական միջավայրն ազատության միջավայր է, սակայն դա չի ենթադրում անտարբերություն: Ակտիվ ու նախաձեռնող եղե՛ք, որպեսզի հետագայում չափսոսաք տարիներ առաջ ձեր կորցրած հնարավորությունների համար: Եվ հիշե՛ք՝ ձեր ուսումնառության արդյունավետությունը հավասար չափով կախված է և՛ ձեզնից, և՛ մեզնից, քանի որ բոլորս կրթական գործընթացի հավասար մասնակիցն ենք»,- հավելեց պարոն Մարկոսյանը:

 

Նա ուսանողներին խորհուրդ տվեց ակտիվորեն աշխատել ուսումնական խորհրդատուների (կուրատորների) հետ՝ նրանց միջոցով փորձելով լուծել իրենց հուզող հարցերը, բացատրեց ուսումնառությանն առնչվող որոշ տերմիններ, նորեկներին ծանոթացրեց ուսանողական կառույցներին ու դրանց գործունեությանը, խոսեց վերջերս համալսարանում ստեղծված ուսանողական կառույցների՝ Բնապահպանական ակումբի, Ավագների խորհրդի, Մարտական պատրաստության ակումբի մասին:

 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ, շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ուսանող դառնալու կապակցությամբ, նշեց, որ Մշակույթի կենտրոնը հրավիրել է ճանաչված մասնագետների, ովքեր կապահովեն համալսարանում ուսանողական մշակութային ծրագրերի՝ արհեստավարժ մակարդակով իրականացումը:

 

Տիկին Դավթյանը խոսեց նաև սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, կենտրոնական մասնաշենքի առջև կայանալիք, արդեն ավանդական դարձած ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողության օրվա մասին՝ նշելով, որ իրենք անում են ամեն ինչ՝ այդ օրը նորեկների համար հետաքրքիր ու անմոռանալի տոնի վերածելու համար. «Արդեն 11 տարի է, ինչ ԵՊՀ մշակույթի կենտրոնը նախաձեռնել և իրագործում է այս հրաշալի միջոցառումը, որպեսզի նշանավորի բոլոր առաջին կուրսեցիների մուտքը համալսարան»:

 

 

 

Այլ նորություններ
ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ինտեգրացիոն վեկտորներ և անվտանգություն. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով քննարկում:
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառումը: