05.09.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոր ուսումնական տարում ԵՊՀ ռեկտորատը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. ռեկտորատը ուստարվա առաջին երկու շաբաթների ընթացքում ներկայացուցչական կազմով հանդիպումներ է ունենում բոլոր ֆակուլտետների առաջին կուրսեցիների հետ:

Հանդիպումների շարքը մեկնարկեց այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում, և այն կշարունակվի նաև առաջիկա օրերի ընթացքում:

 

Հանդիպումներին ռեկտորատի ներկայացուցիչներից մասնակցում են ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Որոշ ֆակուլտետներում ռեկտորատի ներկայացուցիչներին միանում են նաև դեկաններն ու փոխդեկանները:

 

Ռեկտորատի անունից շնորհավորելով առաջին կուրսեցիներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ պրոռեկտոր Մարկոսյանը նշեց, որ հանդիպումներն ունեն  ճանաչողական բնույթ, նպատակն է ուսանողներին տեղեկացնել ներհամալսարանական մի շարք գործընթացների և հնարավորությունների մասին:

 

ԵՊՀ պրոռեկտորը խոսեց ներբուհական հաղորդակցության միջոցների՝ ուսանողական էլ. փոստի, ինտերնետային պորտալի, թերթի, սոցիալական ցանցերում ԵՊՀ էջերի արդյունավետ օգտագործման, ուսանողների՝ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին իրազեկվածության մասին:

 

«Դուք շատ բախտավոր եք, քանի որ Մայր բուհի ուսանող եք, և հենց ձեր ուսումնառության տարիների ընթացքում է ԵՊՀ-ն տոնելու իր տարեգրության մեջ թերևս ամենակարևոր հոբելյանը՝ 100-ամյակը: Խնդրանք-հորդորս է հետևել ներհամալսարանական կյանքին ու գործընթացներին ԵՊՀ պորտալի ու դրանում զետեղված բազմաթիվ փաստաթղթերի, կարգերի և ուղեցույցների միջոցով, և ոչ միայն հետևել, այլև ակտիվորեն մասնակցել ուսանողական կյանքին»,- հավելեց պարոն Մարկոսյանը:

 

 

Հրանտ Ժամհարյանն էլ իր հերթին շնորհավորեց նորեկներին ՀՀ ամենամեծ բուհ մուտք գործելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ տարիներ անց նրանք հպարտությամբ են հիշելու իրենց համալսարանական լինելը:

 

Ուսումնամեթոդական վարչության պետն ուսանողներին խորհուրդ տվեց ակտիվորեն աշխատել ուսումնական խորհրդատուների (կուրատորների) հետ՝ նրանց միջոցով փորձելով լուծել իրենց հուզող հարցերը, ապա ներկայացրեց ուսումնական տարվա և կիսամյակի կառուցվածքը, ուսումնական գործընթացի առանձնահատկությունները:

 

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ նորեկներին ծանոթացրեց ուսանողական կառույցներին ու դրանց գործունեությանը, շեշտադրեց ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի աշխատանքները, խոսեց վերջերս համալսարանում ստեղծված ուսանողական կառույցների՝ Բնապահպանական ակումբի, Ավագների խորհրդի, Մարտական պատրաստության ակումբի մասին: Պարոն Վարագյանը ուսանողներին խորհուրդ տվեց հնարավորինս տեղեկացված լինել, որպեսզի նրանց ուսումնական գործընթացը հարթ ու հեշտ ընթանա:

 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ, շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ուսանող դառնալու կապակցությամբ, նշեց, որ Մշակույթի կենտրոնը հրավիրել է ճանաչված մասնագետների, ովքեր կապահովեն համալսարանում ուսանողական մշակութային ծրագրերի՝ արհեստավարժ մակարդակով իրականացումը:

 

Տիկին Դավթյանը խոսեց նաև սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, կենտրոնական մասնաշենքի առջև կայանալիք, արդեն ավանդական դարձած ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողության օրվա մասին՝ նշելով, որ իրենք անում են ամեն ինչ՝ այդ օրը նորեկների համար հետաքրքիր ու անմոռանալի տոնի վերածելու համար:

 

Հանդիպումների ավարտին էլ ռեկտորատի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին:

   

Այլ նորություններ
ՎԵՐՆԱԽԱՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ. ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ԻԲՐԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս տարի ԵՊՀ-ն դիմորդներին հատկացնում է 339 անվճար տեղ, որից 38-ը վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդներինն է: Ըստ այդմ` անվճար համակարգի 10%-ը հատկացվում է բանակից զորացրվածներին: Բացի այդ, այն դիմորդները, ովքեր որոշակի ժամկետում իրականացրել են մարտական հերթապահություն, և որոնց առաջադիմությունը գերազանցել է 10 միավորը բակալավրիատում և 14 միավորը` մագիստրատուրայում, կունենան ուսման վարձի 30%-ի չափով զեղչի հնարավորություն:
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ
Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում: