12.06.2019 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄԻՋԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՊՀ-Ի ԵՎ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄԻՋԵՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և նույն հիվանդանոցի Զարգացումների և ներդրումների համակարգող Լյուդմիլա Նիազյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցություն հաստատելու ուղղություններն ու շրջանակները:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը:

Կողմերը քննարկեցին ուսումնական ոլորտում համագործակցությունը խորացնելու և հետագայում այն ընդլայնելու հնարավորությունները:

Իսկ հանդիպման ավարտին նրանց միջև կնքվեց համագործակցության հուշագիր, ըստ որի՝ ուսումնական համագործակցությունն իրականացվելու է «Կենսաբանություն» և «Վարակիչ հիվանդություններ» գիտական առարկաների շրջանակում: Կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում համագործակցության հետևյալ ոլորտները՝ մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա, կենսաքիմիա և մոլեկուլային կենսաբանություն, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա:



Գեղամ Գևորգյանը, բարձր գնահատելով կնքված համագործակցության հուշագիրը, հույս հայտնեց, որ այն կնպաստի համատեղ հետազոտական և գիտական գործունեության իրականացմանն ու զարգացմանը:

Կարեն Թռչունյանը նշեց, որ նախատեսվում է համատեղ գիտական նախագծերի իրականացում, հրապարակումների և գիտական տեղեկատվության փոխանակում,  հետազոտության արդյունքների հրապարակում, ընդհանուր սիմպոզիումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում, հատուկ երիտասարդ ակադեմիական անձնակազմի համար նախատեսված գիտաժողովների և սեմինարների, ուսանողական կարճաժամկետ ուսուցման համատեղ իրականացում, ուսանողների փոխանակման աջակցություն՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, կարևորելով կնքված հուշագիրը, նշեց, որ կլինիկական մասն այսօր անհնար է պատկերացնել առանց գիտական հատվածի: «Այս հուշագիրը կնպաստի, որ մենք իրականացնենք համատեղ գիտական աշխատանքներ, հատկապես կենսաբժշկության ոլորտում: Հուշագիրը կարող է նաև հենք հանդիսանալ հետագայում առողջապահական ռազմավարական ծրագրեր մշակելու համար»,-ասաց նա և հավելեց, որ այն նաև հնարավորություն կընձեռի ուսանողներին՝ իրենց գիտական ուսումնասիրություններն իրականացնելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Իսկ հիվանդանոցի  աշխատակիցները ցանկության դեպքում կարող են գիտական ուսումնասիրություններ իրականացնել ԵՊՀ-ում:       

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԲՐԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության կենտրոնի հիմնադիր Մայքլ Սթոունը և ներկայիս տնօրեն Ռուվեն Ամիտայը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԵՈՒԼ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵՊՀ-ում կորեերենի աշխատանքները համակարգող Արթուր Իսրայելյանը հունիսի 16-21-ը «Կորեա հիմնադրամ»-ի հրավերով այցելել է Սեուլ և մասնակցել «Հաջորդ սերնդի առաջնորդներ» ծրագրին («KF Russian Next-Generation Leaders Program»):