Տարվա մեջ մի քանի անգամ հայտնի ու սիրված մտավորականների հետ հանդիպումները Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն բարի ավանդույթ են դարձել: Մերուժան Տեր-Գուլանյանը ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եկել էր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում: Ամսագրի գլխավոր խմբագրին միացել էին նաև «Անդին»-ի աշխատակիցները: Նրանք ապագա լրագրողներին նվիրեցին ամսագրի ինչպես նոր, այնպես էլ նախորդ համարներից` հույս հայտնելով, որ առաջիկայում ամսագրի էջերում կտեսնեն հենց նրանց ստեղծագործությունները:
Մինչ հանդիպումը ապագա լրագրողները հասցրել էին ամեն բան պարզել Մերուժան Տեր-Գուլանյանի հետաքրքրությունների ու նախասիրությունների մասին: Թերևս պատահական չէր նաև նրան հյուրասիրված սուրճը, որը պատրաստել էր ուսանողուհիներից մեկը: Հանդիպման հյուրը նշեց, որ այն թեև մի քիչ ջրիկ է, բայց ինքը հավանում է. «Ընդհանրապես ոչինչ քաղցր չեմ սիրում` բացի կանանցից»:
Լրագրողին բնորոշ խորամանկությամբ ապագա լրագրողները հարց ու պատասխանի միջոցով փորձեցին անկեղծացնել «Անդին»-ի գլխավոր խմբագրին: Մասնագիտական գաղտնիքներին ու «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին վերաբերող հարցերին հանդիպման հյուրը պատասխանեց սիրով ու ոգևորությամբ:
«Ցավով պետք է նշեմ, որ «Գարուն» ամսագիրն այժմ կորցրել է այն դերը, որը ձեռք էր բերել երկար տարիների ընթացքում: Փոխվել են մարդկանց ընկալումները, իսկ երիտասարդները նոր հետաքրքրություններ են գտել: «Գարուն»-ի տարիները շատ դժվարին ժամանակներ էին. չկար ոչ միայն խոսքի ազատություն, այլև խոսացողի ազատություն: Նախկինում ձեր ծնողներն էին «Գարուն» կարդում, բայց դուք հիմա «Անդին» պետք է կարդաք (ժպտում է): Չեմ կարող ժխտել, որ «Գարուն»-ի պակասի ցավն էր, որ կյանքի կոչեցի «Անդին»-ի հրատարակումը»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ապագա լրագրողներից մեկը, նշելով, որ անդին նշանակում է այն կողմ, հարց ուղղեց հանդիպման հյուրին. «Պարո՛ն Տեր-Գուլանյան, իսկ ինչի՞ց այն կողմ»: Ի պատասխան ուսանողի հարցին` նա ասաց. «Այսինքն` այս քստմնելի աշխարհից այն կողմ ենք մենք»:
Ուսանողներից մեկի այն հարցին էլ, թե որպես մտավորական` ինչպես է վերաբերվում արտագաղթին, պարոն Տեր-Գուլանյանը նշեց, որ այն լուրջ մտորելիք է. «Իրականում Հայաստանում նույնպես լավ աշխատանք կա, բայց չեմ հասկանում, թե ինչու են գնում Ռուսաստան` աշխատելու: Եթե Հայաստանում արդարություն լինի, ոչ ոք էլ չի նեղանա ու ասի, որ փողը քիչ է»:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն էլ նշեց. «Մերուժան Տեր-Գուլանյանն ասացող է, ով պատմում է իր տոհմի, իր ցեղի, իր տեսակի և իր մասին պատմություններ, և յուրաքանչյուր ճշմարիտ ընթերցող այդ պատմություններում գտնում է իր տոհմի, իր ցեղի ու իր տեսակի մասին ճշմարտությունը: Ես գիտեմ, որ դեպի վաղը ձգվող ճանապարհը, դեպի գալիք տանող ուղիները նաև Մերուժան Տեր-Գուլանյանի նման ասացողների օգնությամբ ենք գտնում»:
Հանդիպման ավարտին Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ֆակուլտետի դեկանը գրքեր նվիրեց ոչ միայն հանդիպման հյուրին, այլև միջոցառման հեղինակներին: Իսկ Մերուժան Տեր-Գուլանյանը, ուսանողների ձեռքին տեսնելով իր իսկ ստեղծած «Անդին»-ները, հույս հայտնեց, որ առաջիկայում լույս տեսնող համարներում տեսնելու է հենց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործությունները: