14.12.2017 | 
Հասարակություն
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը:

Այն նվիրված էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ, սփյուքահայ ասպիրանտ Մհեր Ջուլհաճյանի 50-ամյակին:

 

Մհեր Ջուլհաճյանը ծնվել է 1967 թ. նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Հայրենիքից հնչած ահազանգը տակնուվրա է արել նրա հոգին և նրան հայրենիքի համար կռվող զինվոր դարձրել:

 

1992 թ. ամուսնանալով՝ նա տեղափոխվել է Հայաստան: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա, զուգահեռ մասնակցել Արցախի ազատագրական պայքարին:

 

1992 թ. գարնանը Մհերը Ջուլհաճյանը տեղափոխվել է Արցախ՝ Շուշիի առանձնակի գումարտակ: Կարճ ժամանակ անց հրետանային հարձակողական համակարգի իր բանաձևային առաջադրումների իրագործման համար նա տեղափոխվել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակ, որտեղ դարձել է Մերուժան Մոսիյանի ղեկավարած հրամանատարական ուժերի հետախուզական ու զինական մասի հրահանգիչն ու խորհրդականը:

 

1992 թ. օգոստոսի 22-ին թուրքական օդուժը, խախտելով ժամանակավոր հրադադարը, ռմբակոծում էր Գևորգավան և Կուրոպատկինո գյուղերը: Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս՝ 1993 թ. օգոստոսի 23-ին, Մարզիլի գյուղի մոտ արկի պայթյունից զոհվում է Մհերը իր չորս մարտական ընկերների հետ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:

 


Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Մհերի հարազատները, ընկերները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և նրա գործն ու անցած ուղին գնահատող ու արժևորող ուսանողներ:

 

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ով նաև Մհերի գիտական ղեկավարն էր, ասաց, որ հերոսն իր սխրանքով անմահացել է. «Ես երբեք անցյալով չեմ խոսում նրա մասին: Ինձ համար նա միշտ ներկա է, ու ես հաճախ եմ մտածում, թե ինչ կասեր, եթե այստեղ լիներ: Ես ու Մհերը ոչ միայն պարզապես ընկերացել էինք, այլև ունեինք գաղափարական նույն հայացքները, նույն մտածողությունն ու նույն սկզբունքները»:

 

Միջոցառման ընթացքում «Վարդանանք» ակումբի անդամները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերի, ասմունքի կատարումներով և պատմեցին օրվա հերոսի անցած ճանապարհի մասին:

 

Տեղեկացնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի՝ 2003 թ. մայիսի 8-ի ՆՀ-37 հրամանով՝ Մհեր Ջուլհաճյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 

2007 թ. նոյեմբերին էլ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների և հանքավայրերի կաբինետը անվանակոչվել է Մհեր Ջուլհաճյանի անվամբ:

Այլ նորություններ
ԿԹՈՂԱՐԿՎԻ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է մրցույթ «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների ընտրության համար:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՆԱԽԱԳԾՈՒՄ
«Ամենախելացին» հեռուստանախագծում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արամ Դալլաքյանը հաղթող է ճանաչվել «Կրոն» անվանակարգում: