18.01.2019 | 
Գիտություն
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԻՊԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԻՊԱՎՈՐՈՒՄԸ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ
Ինչո՞ւ պահել դրամապանակ, վճարային քարտեր կամ ընդհանրապես գումար, եթե կարելի է այդ ամենն ունենալ մաշկիդ տակ պատվաստված չիպի միջոցով. այսպես է մտածում Շվեդիայի բնակչության մոտավորապես կեսը։

Եվրոպական այս զարգացած երկրում չիպերը գնալով ավելի անհրաժեշտ ու ցանկալի են դառնում։ Օրեցօր ավելի շատ մարդիկ են կցում այս «փոքրիկին» իրենց մարմնին՝ ազատելով իրենց գրպանները գումարից, անցաթղթերից, տարբեր փաստաթղթերից և նմանատիպ այլ իրերից, ինչպես նաև պաշտպանվելով գրպանահատներից։ Արդեն իսկ չիպավորված մարդիկ ասում են, որ այս սարքերը շատ հարմար են ու զգալիորեն հեշտացնում են կենցաղը։



Բժիշկները տեղեկացնում են, որ չիպավորման գործընթացը բավական հեշտ է և գրեթե անցավ։ Պատառաքաղի մեկ ատամիկի չափ սարքը հատուկ ասեղի միջոցով ներարկվում է մաշկի տակ՝ բթամատի և ցուցամատի արանքում։ Այս թեթև վիրահատությունից հետո մարդը ձեռքի մեկ հպումով կարողանում է վճարումներ կատարել կամ, օրինակ, ակտիվացնել անցաթուղթը։ NFC-չիպի կողմնակիցները պնդում են, որ նմանօրինակ փոքր սարքի միջոցով նրանք պաշտպանված են գողությունից ու զերծ որևէ փաստաթուղթ մոռանալուց։

Իսկ որտե՞ղ կարելի է օգտագործել նման չիպերը. առաջին հերթին՝ ցանկացած վայրում վճարում կատարելիս, աշխատավայր մտնելու անցաթղթի փոխարեն, ինչպես նաև որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ տարբեր գործարքներ կատարելու համար։



Վերջին տվյալներով՝ 4 հազար շվեդ արդեն օգտվում է մաշկի տակ պատվաստված չիպից։

Սակայն պետք է տեսնել նաև մեդալի հակառակ կողմը։ Չիպավորումը միանշանակ չի ընդունվում բոլոր քաղաքացիների կողմից, կան նաև բացասական կարծիքներ։ Շվեդիայի բնակչության մի մասը կարծում է, որ չիպավորումը խախտում է անձնական կյանքի գաղտնիությունը։ Բացի սրանից՝ թեև շատ բժիշկներ պնդում են, որ չիպերն անվտանգ են, սակայն ոմանց կարծիքով՝ դրանք կարող են վնասել իմունային համակարգը և վիրուս ներմուծել մարդու մարմին։



Իհարկե, ժամանակը կանգ չի առնում, բայց արդյո՞ք այն աշխատում է հօգուտ մեզ։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում այսօր տեղի է ունենում «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով, որն ուղեկցվում է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով:
«ՍԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍԿԻԶԲ Է». ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարին: