03.06.2019 | 
Հասարակություն
«ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ». ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՄԻԳՐԱՑԻԱ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ». ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը հուլիսի 18-20-ը կազմակերպում է «Միգրացիա և զարգացում» խորագրով ամառային դպրոցը:

Միգրացիայի ոլորտում ուսումնական պլանի մշակման, ԵՊՀ ուսանողներին և դասախոսական կազմին նոր գիտելիքների տրամադրման, ինչպես նաև միգրացիոն թեմաների և նոր ուսումնական պլանի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված ամառային դպրոցն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման ուղղությամբ աջակցություն» ծրագրի շրջանակում:

 

Այն ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիայի և զարգացման ոլորտում համագործակցության համար գոյություն ունեցող շրջանակները և գործնական քայլերը, զարգացող պետություններում միգրացիայի տնտեսական դրդապատճառները և հետևանքները. միգրացիա, զարգացում և դրամական փոխանցումներ, միգրանտների վերադարձը և վերաինտեգրումը հայրենիքում, ինչպես է մամուլը ձևավորում միգրացիայի նկատմամբ հանրային կարծիքը, ովքեր և ինչպես են ձևավորում միգրացիոն գործընթացները, զարգացման արդյունքների գնահատումը և այլն:   

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար վերջերս մշակվել է ուսումնական պլան, իսկ ներկայումս աշխատանքներ են իրականացվում Ժուռնալիստիկայի, Իրավագիտության, ինչպես նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների համար ուսումնական պլանների մշակման ուղղությամբ:

 

Դասախոսությունների բանախոսները լինելու են հայաստանյան և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների առաջատար փորձագետներ: Դասախոսություններով հանդես կգան մասնավորապես ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ԵՊՀ և Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գագիկ Եգանյանը, Բուդապեշտի Կորվինուս համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտի դոցենտ Աթիլա Մելեխը, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի սոցիալական գիտությունների գիտական կենտրոնի գիտնական Մարգիտ Ֆեյշմիդտը, «Մեդիա առանց սահմանների» կազմակերպության տնօրեն, մեդիայի և հաղորդակցման հարցերով փորձագետ Մագդա Աբու-Ֆադիլը, միգրացիայի և սփյուռքի հարցերով փորձագետ Վիկտոր Լուտենկոն և տնտեսագետ, կայուն զարգացման գծով փորձագետ Պարույր Աբրահամյանը:

 

Դպրոցին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողները, ինչպես նաև միգրացիոն խնդիրներով հետաքրքրված դասախոսները: Մասնակիցների թիվը սահմանափակ է, կընտրվեն առավելագույնը 25 մասնակից:

 

Մասնակիցները պետք է ներկայումս լինեն ուսանողներ կամ ընդգրկված լինեն գիտական աշխատանքներում, և/կամ ունենան մասնագիտական փորձ միգրացիայի կամ միգրացիոն խնդիրներին առնչվող ոլորտներում: Ամառային դպրոցի ծրագրի ուսումնական մասի ամբողջ ընթացքին մասնակցությունը պարտադիր է՝ առանց որևէ բացառությունների:

 

Ամառային դպրոցը տեղի է ունենալու հուլիսի 18-20-ին «Արթուրս Աղվերան ռեզորթ» հանգստյան տանը: Այն անվճար է մասնակիցների համար։ Բոլոր ծախսերը վճարվելու են Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի կողմից:

 

Ամառային դպրոցի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը: Դիտարկվելու են միայն լիարժեք լրացված հայտերը, որտեղ նշված կլինեն մասնակցի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցին մասնակցելու նպատակների մասին հակիրճ նկարագրությունը: Հայտի ձևը կարող եք ներբեռնել http://www.mibma.eu կայքից և լրացված հայտերն ուղարկել mibma@icmpd.org կամ inna.galoyan@icmpd.org էլեկտրոնային հասցեներով:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԲՐԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության կենտրոնի հիմնադիր Մայքլ Սթոունը և ներկայիս տնօրեն Ռուվեն Ամիտայը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԵՈՒԼ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵՊՀ-ում կորեերենի աշխատանքները համակարգող Արթուր Իսրայելյանը հունիսի 16-21-ը «Կորեա հիմնադրամ»-ի հրավերով այցելել է Սեուլ և մասնակցել «Հաջորդ սերնդի առաջնորդներ» ծրագրին («KF Russian Next-Generation Leaders Program»):