14.12.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնը, որին ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալ. Սաֆարյանը, Գագիկ Ղարաջյանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունից ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մկրտիչ Սանասարյանը մեծապես օժանդակել է Ռուսական և Օսմանյան կայսրությունների հայ ուսանողներին, կրթաթոշակ տրամադրել, կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկել։ Նրա և Կարապետ Եզյանի ջանքերով է հիմնադրվել Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան իգական վարժարանը, որը Սանասարյանի մոր անունով կոչվել է «Սանդխտյան Մարիամյան» վարժարան: Մկրտիչ Սանասարյանի աջակցությամբ դպրոցներ են բացվել Վանի գավառի Խառակոնիս, Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Մեծ բարերարը նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։

Մկրտիչ Սանասարյանն իր հարստության մեծ մասը կտակել է հայոց դպրոցներին:

Միջոցառման ընթացքում դասախոսություն կարդաց Գագիկ Ղարաջյանը, որը ներկաներին մանրամասնորեն տեղեկացրեց հայազգի մեծանուն գործչի, նրա կատարած բարեգործությունների ու հատկապես Սանասարյան վարժարանի մասին։ Գ. Ղարաջյանը նշեց՝ թեև Մկրտիչ Սանասարյանի վաստակն անգնահատելի է, սակայն մինչ այսօր չկա բավարար տեղեկատվություն նրա կյանքի և գործունեության մասին։



Բանախոսն ասաց, որ արդարացի կլիներ, եթե հայությունն իր առջև երկու խնդիր դներ՝ ծանոթացնել հանրությանն այս փայլուն անձնավորության հետ և համարժեք պատասխան տալ Կարինի Սանասարյան վարժարանի շենքն իրենցը դարձրած թուրքերին՝ նոր, ավելի լավ, ժամանակակից նոր խնդիրներով և գործառույթներով նույնանուն կրթահամալիր հիմնելով։

Պարոն Ղարաջյանն ուսանողներին առաջարկեց հետազոտել Մկրտիչ Սանասարյանի կյանքն ու գործունեությունը, քանի որ նրա անձի հետ կապված բազմաթիվ բացեր կան։ Բանախոսը պատրաստակամություն հայտնեց ամեն հարցում օգնել վերջիններիս ու տրամադրել այն բոլոր նյութերը, որոնք առկա են իր ձեռքի տակ։



ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալ. Սաֆարյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Գագիկ Ղարաջյանին նրա կատարած աշխատանքի և բովանդակալից դասախոսության համար։ 

Ալ. Սաֆարյանը վստահեցրեց, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է Մկրտիչ Սանասարյանի վաստակը լուսաբանելու հարցում աջակցել Գագիկ Ղարաջյանին՝ տրամադրելով համալսարանի արխիվներն ու իրենց գիտելիքները, ինչպես նաև ստանձնելով նրա գիտական մենագրության տպագրության գործը։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):