13.11.2017 | 
Հասարակություն
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄՈՆԹԵԻ 60-ԱՄՅԱԿԻՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄՈՆԹԵԻ 60-ԱՄՅԱԿԻՆ
Նոյեմբերի 11-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված միջոցառում:

Այն նախաձեռնել էին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանն ու ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ուսանողներ և ուրիշներ:

 

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց զանգերի ղողանջով, ծառատունկով, ՀՀ օրհներգով: Այն վարում էր ԵՊՀ «Վարդանանք» ամսաթերթի գլխավոր խմբագիր, ասմունքող Նաիրա Զեյնալյանը:

 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Մոնթեի մարտական ընկերները: Հերոսի մասին իրենց հուշերը, տպավորությունները ներկայացրին ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Հմայակ Հարոյանը, Աստվածատուր Պետրոսյանը, գնդապետ Աիդա Սերոբյանը:

 

«Մոնթեն շատ չէր խոսում: Սիրում էր զենքը. ասես զենքի հետ ծնված լիներ: Նա մեր հարստությունն էր, հույսը, մեր ժողովրդի փարոսը»,- ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

 

Աստվածատուր Պետրոսյանն էլ նշեց, որ Մոնթեն ազգային-ազատագրական մեծ ցանկություն ուներ. «Նա սիրում էր գիշերով թափանցել թշնամու թիկունքը: Գիշերն անզեն աչքով ավելի լավ էր տեսնում, քան գիշերային հեռադիտակով: Տեսնում էր բոլոր զգայարաններով»:

 

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը Մոնթեի 60-ամյակի առիթով հանդես էր եկել նաև նոր ցուցադրությամբ՝ հանրությանը ներկայացնելով փաստեր ու նկարներ, որոնք մինչ այժմ հասանելի չէին:

 

Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական ու պարային կատարումներով:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: