11.02.2019 | 
Կրթություն
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
«Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման համար հունվարին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 35 դասախոսներ մասնակցել են վերապատրասման դասընթացների:

Դեռևս 2018-19 ուստարվա առաջին կիսամյակում «Moodle»առցանց դասավանդման ծրագիրը ներդրվել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի բակալավրի առկա և  հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում և Միջազգային հարաբերություններ ու Հանրային կառավարում բաժինների  մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում:

 

«Moodle»-ն ուսումնառության ժամանակակից միջոց է, որի նպատակը դասախոսների և ուսանողների համատեղ առցանց աշխատանքն է: Այս համակարգի օգնությամբ հարթակ մուտք գործող ուսանողն ամբողջական տեղեկատվություն է ստանում դասընթացի ընդհանուր նկարագրի մասին, տեղեկանում է առաջադրանքների կատարման համար սահմանված ժամկետներին, այն աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են տվյալ թեման յուրացնելու համար:

 

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը փաստեց, որ համակարգի ներդրման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ զարգացման ռազմավարության 1.4 կետը, ինչպես նաև ֆակուլտետի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի (իրականացման ժամանակացույց-պլանի) 1.4-ի կետը. «Այն է՝ ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում»:

 

«Ֆակուլտետի առաջնահերթություններից է համարվում առցանց ուսուցման տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացների մեջ: Այն հնարավորություն է տալիս ուսանողներին տեղեկատվությունն առավել դյուրին ընկալելու, և միևնույն ժամանակ թույլ է տալիս ուսանող-դասախոս կապը պահելու ոչ միայն լսարանում, այլև՝ դրանից դուրս»,- փաստեց ֆակուլտետի դեկանը:

 

Պարոն Պետրոսյանի հավաստմամբ, ֆակուլտետում նպատակ ունեն առաջիկայում ծրագիրն ամբողջությամբ ներդնել ուսումնական գործընթացների մեջ:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ֆակուլտետում «Moodle» ծրագրի համակարգող Ժակ Մանուկյանն ասաց, որ նախորդ կիսամյակի ավարտին անցկացված հարցումների և իրականացված վերլուծությունների արդյունքներով ֆակուլտետում որոշել են ընդլայնել դասընթացների այն ցանկը, որոնք իրականացվում են «Moodle» ծրագրի օգնությամբ:

 

«Անցած կիսամյակում «Moodle» ծրագրի ներդրումը դրական է ընդունվել և, դատելով ուսանողների արձագանքներից, բավականին արդյունավետ է եղել: Շուրջ 35 դասախոս այս պահի դրությամբ մասնակցել է վերապատրաստման դասընթացներին: Ակնկալվում է, որ երկրորդ կիսամյակում նրանց կողմից դասավանդվող առարկաները կազմակերպվելու են «Moodle» համակարգի միջոցով: Մեզ համար կարևոր է այն, որ վերապատրաստված դասախոսների մեծ մասը դասավանդում են օտար լեզուներ: Արդյունքները կամփոփենք մայիսին, բայց այն, որ և՛ դասախոսները, և՛ ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, ոգևորիչ է»:

 

Դեկանի տեղակալի հավաստմամբ, «Moodle»  ծրագրի կիրառումը նպաստում է կրթության մատուցման արդյունավետության բարձրացմանը. «Ծրագրի շնորհիվ՝ մենք կարողանում ենք քննությունն անցկացնել էլեկտրոնային եղանակով, որը գնահատման ժամանակ միանշանակորեն ապահովում է օբյեկտիվություն»:

 

 

Վերապատրասման դասընթացները կազմակերպվել են ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության դասախոսների որակավորման բարձրացման բաժնի կողմից, որոնք իրականացվել են ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում: Վերապատրասման դասընթացներն անցկացրել է կենտրոնի Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանը:

 

Մեզ հետ զրույցում Արթուր Ավագյանն ասաց, որ այս հարթակի կիրառումն առաջադիմական ու կարևոր քայլ է. «Այն լիարժեք իրականացնելու համար պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները, քանի որ մեր ժամանակներում առանց կրթական նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ առաջ գնալ: Առավել ևս, որ մեզ առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում, որոնց իրականացումն անհնար կլինի առանց «Moodle»-ի»:

 

Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն ասաց, որ ծրագրի միջոցով հեշտացվում են ուսանողների և դասախոսների աշխատանքները. «Ուսանող-դասախոս կենտրոնացված կապի շնորհիվ՝ հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու և ստանալու դրանց պատասխանները: Օբյեկտիվ է դառնում քննության անցկացումը, ուսանողները տեղում ծանոթանում են արդյունքներին: Իսկ քննադատությունները, թե քննության անցկացման այս մեթոդը ճիշտ չի գնահատում ուսանողների գիտելիքը, կարծում եմ, սխալ են, քանի որ լավ մշակված հարցաշարը լիովին արտացոլում է ստացած գիտելիքը»:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի թուրքերենի դասախոս Արաքս Մանուչարյանի հավաստմամբ, «Moodle» ծրագիրն էականորեն բարձրացնում է ուսումնական ընթացքի կիրառական բաղադրիչի արդյունավետությունը. «Ուսանողների համար ծրագիրն արդյունավետ է. այն յուրօրինակ պաշար է կիսամյակի ընթացքում անցած բոլոր նյութերի համար, բացի դրանից՝ առավել դյուրին է դարձնում քննական օրվան պատրաստվելու գործընթացը»:

 

Արաքս Մանուչարյանն ասաց, որ ծրագիրն արդյունավետ է նաև դասախոսների համար, քանի որ առավել հարմարավետ է դարձնում դասընթացի անցկացումը՝ ելնելով նրանից, որ բարձրանում է ուսանող-դասախոս փոխհամագործակցության հարմարավետությունը. «Մեզնից յուրաքանչյուրը հստակ պատկերացնում է, թե ինչ է արվել նախորդ դասին, ինչ է լինելու հաջորդին, ինչ կից նյութեր ունենք գիտելիքներն ընդլայնելու համար և մնացյալ բոլոր այլ մանրամասները»։

 

Խոսելով հեռանկարային ծրագրերի մասին՝ Ժակ Մանուկյանն ասաց, որ սեպտեմբերից ծրագրի միջոցով ուսանողներին հնարավորություն կտրվի ընտրելու կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները՝ ծանոթանալով  դրանց առանձնահատկություններին և խնդիրներին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի են ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումը։
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԵՊՀ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՄԻՋԻՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՄՈԳ) ՇԵՄԸ
ԵՊՀ-ում 2019-2020 ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը բակալավրիատում սահմանվել է 11.00-ն, իսկ մագիստրատուրայում՝ 15.00-ն: