24.10.2017 | 
Քաղաքականություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է կազմակերպել ԵՊՀ դասախոսների այցելությունները դեպի մարզերի ավագ դպրոցներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը պարբերաբար կազմակերպում է մարզային այցելություններ, որոնց նպատակն է  նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Հոկտեմբերի 5-6-ը Գորիսի համար 4 ավագ դպրոց էին այցելել ԵՊՀ հայ բանասիրության, պատմության, կենսաբանության, քիմիայի, ռոմանագերմանական բանասիրության ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Այցելության մասին մեզ հետ զրույցում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Հասմիկ Մկոյանն ասաց, որ շատ լավ ընդունելության են արժանացել դպրոցի թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների կողմից. «Դասարաններում շատ աշակերտներ էին հավաքվել: Զգացվում էր, որ ուսուցիչները կայացած մասնագետներ են: Շատ ուրախացա և նույնիսկ զարմացա, երբ իմացա, որ դպրոցն ունի քիմիայի շատ լավ լաբորատորիա, իսկ ուսուցչուհին էլ քիմիական գիտությունների դոկտոր է: Իմ դասին ներկա էին և՛10-րդ, և՛ 11-րդ, և՛ 12-րդ դասարանների աշակերտներ, իսկ դասախոսությունս պարամետրական հավասարումների և անհավասարումների մասին էր»:

 

Բացի այդ՝ Հասմիկ Մկոյանն ասաց նաև, որ այցելությունների առաջնային խնդիրն է նաև համալսարանը և ֆակուլտետներն ըստ արժանվույն ներկայացնելը:

 

Հոկտեմբերի 11-ին Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում և համար 5 ավագ դպրոցում էլ դասախոսություններով հանդես են եկել ԵՊՀ ռադիոֆիզիկիայի, մաթեմատիկայի և մեխանիկայի, կենսաբանության, քիմիայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Հոկտեմբերի 12-ին Աբովյանի համար 4 ավագ դպրոց էին այցելել Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Պատմության և Կենսաբանության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ասիստենտ Լուսինե Սարգսյանը պատմեց, որ այցելությունը շատ լավ է անցել. «Ինձ հետ եկել էին նաև մեր ֆակուլտետի ուսանողուհիներ, ովքեր ներկայացրին իրենց փորձը և խորհուրդներ տվեցին ապագա դիմորդներին: Մենք միասին ներկայացրինք Մայր բուհը, ապա խոսեցինք թարգմանական մեր աշխատանքների մասին»:

 

Լուսինե Սարգսյանն ափսոսանք հայտնեց, որ ժամանակը շատ քիչ էր. «Ե՛վ դասախոսության, և՛ Մայր բուհը ներկայացնելու համար 40 րոպեն, կարծում եմ, որ շատ քիչ է: Բացի այդ՝ ծրագիրն ավելի արդյունավետ կլինի, եթե բուհը ներկայացնող ուսանողները շատ լինեն: Այլ բան է, երբ դասախոսն է ներկայացնում, լրիվ այլ բան, երբ գրեթե հասակակիցն է ներկայացնում մասնագիտությունը, խորհուրդներ տալիս և պատասխանում հարցերին»:

 

 

Հոկտեմբերի 13-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում դասախոսություններով հանդես են եկել Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Աշխարհագրության և երկրաբանության, Հայ բանասիրության, Քիմիայի և Արևելագիտության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Լիլիթ Սեյրանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ջերմ ընդունելության է արժանացել. «Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպի վերաբերյալ դասախոսություն եմ կարդացել 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Ներկայացրի, թե ինչ մոտեցմամբ պետք է կարդալ վեպը, ինչ հարցերի և ժամանակի որ խնդիրների համատեքստում պետք է դիտարկել այն»:

 

Ըստ Լիլիթ Սեյրանյանի՝ ծրագիրը շատ արդյունավետ է և կարող է արդարացնել իր նպատակները. «Բացի դասախոսությունից՝ ծանոթացա նաև ուսուցիչների, նրանց մեթոդական սկզբունքների հետ: Նրանց հետ պայմանավորվեցինք նաև հետագա համագործակցության համար»:

 

Հոկտեմբերի 17-ին էլ Արտաշատի ավագ դպրոց էին այցելել Աշխարհագրության և երկրաբանության, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռոմանագերմանական բանասիրության, Կենսաբանության, Քիմիայի, Ռուս բանասիրության և Արևելագիտության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

Մեզ հետ զրույցում Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի դոցենտ Աշխեն Աթանեսյանը փաստեց, որ այցելությունը բավականին արդյունավետ է անցել. «Ներկայացրել եմ «Ռուս գրականության արծաթե դարը» թեմայով դասախոսությունը, որն անցավ ինտերակտիվ ձևով: Աշակերտները շատ ակտիվ մասնակցում էին դասին, պատասխանում հարցերին»:

 

Աշխեն Աթանեսյանն ասաց նաև, որ ծանոթացել է դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, տնօրենի հետ քննարկել են կրթական հիմնախնդիրներն ու փորձել լուծումներ գտնել. «Հետագայում նույնպես ակտիվորեն կհամագործակցենք և կփոխանակենք մեր հետաքրքիր գաղափարներն ու ծրագրերը»:

 

Հոկտեմբերի 19-ին էլ ԵՊՀ միջազգային հարաբերությունների, աշխարհագրության և երկրաբանության, կենսաբանության, պատմության և արևելագիտության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելել են Հրազդանի համար 13 ավագ դպրոց:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: