07.12.2017 | 
Քաղաքականություն
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցելությունները մարզային դպրոցներ:

Այցերի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Նոյեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց էին այցելել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Մհեր Աբրահամյանը։

 

Հանդիպմանը ներկա էին մարզի Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Դավթաշեն, Աշնակ, Կաթնաղբյուր համայնքների դպրոցների ավարտական դասարանների աշակերտները և մանկավարժներ։

 

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց ֆակուլտետում իրականացվող բազմաբնույթ և լայնածավալ գիտակրթական գործունեությունը, հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով համաշխարհային, մասնավորապես հայկական արևելագիտության սկզբնավորման ու զարգացման, արևելագիտական կարևոր կենտրոնների ստեղծման և գործունեության պատմությունը։

 

Արաբագիտության հիմնահարցերի մասին առանձին ելույթով հանդես եկավ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, իսկ թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսեց թյուրքագիտության զարգացման առանձնահատկությունների մասին։

 

Դասախոսությանն ու ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը։ Ապագա դիմորդները դասախոսներին հարցեր ուղղեցին ԵՊՀ-ում կրթության կազմակերպման, Արևելագիտության ֆակուլտետում ներկայացված կրթական ծրագրերի և մասնագիտացումների վերաբերյալ։

 

Նոյեմբերի 29-ին էլ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Մհեր Աբրահամյանը այցելել էին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոց ։

 

Հանդիպմանը ներկա էին մարզի այլ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ, մանկավարժներ։

 

Բանախոսները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով ԵՊՀ-ում արևելագիտական առարկաների դասավանդման պատմությունը, ներկայումս ֆակուլտետում իրականացվող գիտակրթական գործընթացը: Խոսվեց նաև աշխատաշուկայի և դրանում արևելագետների հնարավորությունների մասին:

 

Ելույթներից հետո աշակերտները և մանկավարժները հարցեր ուղղեցին բանախոսներին:

 

Դեկտեմբերի 7-ին էլ Վաղարշապատի «Էօրնեկեան» կրթահամալիր էին այցելել Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը, Հայ բանասիրոթյան ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, Կենսաբանության ֆակուլտետի դասախոս Անժելա Սարգսյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Արևիկ Ղազարյանը և Քիմիայի ֆակուլտետի  դեկանի տեղակալ Արմեն Մարտիրյանը:

 

Նրանք հանդես են եկել դասախոսություններով, որոնց թեմաները առաջարկվել էին կրթահամալիրի մեթոդխորհուրդների կողմից:

 

«ԵՊՀ դասախոսների այցն «Էօրնեկեան» կրթահամալիր իսկապես տպավորիչ էր, քանի որ մեր հանդիպումներն անցկացվեցին 2 ուղղություններով՝ որպես աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը միտված այց և դասախոսություններ: Աշակերտների համար դասախոսությամբ հանդես եկավ Հայ բանասիրության ֆակուլտետի Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, և դա կարծես զուգադիպել էր կրթահամալիրում Չարենցի մահվան 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման հետ: Այս իմաստով էլ պարոն Մուրադյանի  ելույթը եզրափակեց Չարենցին նվիրված միջոցառումների շարքը: Նա աշակերներին ներկայացրեց չարենցյան պոեզիան այլ տեսանկյունից»,- մեզ հետ զրույցում ասաց «Էօրնեկեան» կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

 

Համալսարանականների՝ «Էօրնեկեան» կրթահամալիր այցի շրջանակում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Արևիկ Ղազարյանը հանդիպեց կրթահամալիրի դասղեկական կազմի ներկայացուցիչների հետ:

 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանն էլ աշակերտներին ծանոթացրեց իսպաներենին.

 

«Մեզ համար էլ էր նորություն, որ կարելի է անգլերենով քննություն հանձնել, սովորել իսպաներեն և հետագայում հայտնվել լավ աշխատաշուկայում: Ունկնդրեցինք նաև իսպաներենով գեղեցիկ ստեղծագործություն»,- ասաց Սուսաննա Վարդանյանը:

 

Տիկին Վարդանյանի խոսքով՝ կրթահամալիրի սաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի, Կենսաբանության ֆակուլտետի դասախոս Անժելա Սարգսյանի և Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Մարտիրյանի դասախոսությունների նկատմամբ և ցանկություն են հայտնել, որպեսզի այդօրինակ այցերը հաճախ լինեն:

Այլ նորություններ
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես բոլոր ֆակուլտետներում տեղի են ունեցել գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստեր, որոնց ընթացքում դեկանները հանդես են եկել հաշվետվությունների ներկայացմամբ:
ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՈՐ ԴԵԿԱՆ ՈՒՆԻ
Այսօր Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում միաձայն ֆակուլտետի դեկան է ընտրվել Խաչատուր Ներկարարյանը: