25.05.2022 | 
Մշակույթ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նոր կազմավորված բենդի ներկայացուցիչները «Լավ էլի» և «The Bambir» խմբերի հետ հանդես եկան երաժշտական կատարումներով:

Ֆակուլտետի ուսանողները պնդում են՝ առաջին հայացքից միմյանց հետ այնքան էլ կապ չունեցող երկու ոլորտ՝ մաթեմատիկան ու երաժշտությունը, կարող են միավորվել հենց ԵՊՀ-ում:

 

 

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆակուլտետում կան շատ տաղանդավոր ուսանողներ, որոնք արդեն հասցրել են երաժշտության ոլորտում հաջողություններ գրանցել։ «Կարծում եմ՝ սկսնակ տաղանդավոր ուսանողներին նման հարթակներ տրամադրելը շատ կարևոր է, և դա լավագույն մոտիվացիան է»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:

 

 

Բենդի անդամ ու ֆակուլտետի ուսանողուհի Շուշանիկ Գործունյանը ընդգծեց, որ իրենց՝ սկսնակների համար շատ կարևոր է հրավիրյալ երաժիշտներին լսելն ու նրանց հետ ելույթ ունենալը: Շուշանիկը նաև հավելեց, որ երաժշտությունը, միևնույնն է, սիրելի զբաղմունք է, իսկ մասնագիտությունն ընտրել է վաղուց և աշխատելու է իր մասնագիտությամբ, որովհետև այն մեր օրերում շատ արդիական է:

 

«Լավ էլի» բենդի վոկալիստ, կիթառահար Մհեր Մանուկյանը նշեց, որ ֆակուլտետի կողմից առաջարկը սիրով են ընդունել։ «Ուսանողներին արդեն ասել եմ, որ շարունակեն ջանասիրությամբ աշխատել ու անպայման կհասնեն հաջողությունների»,- մեզ հետ զրույցում ասաց երաժիշտը։

 

 

«The Bambir» խմբի վոկալիստ Նարեկ Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երաժշտությունն ինքնին ճշգրիտ արվեստ է ու շատ նման մաթեմատիկային։ Առաջին հայացքից կարծես նրանք միմյանց հետ կապ չունեն, բայց իրականում այդպես չէ: Երբ իմացանք, որ ուսանողները նույնպես երգ են պատրաստել, որոշեցինք որ անպայման պիտի միասին երգենք: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի երաժշտական խումբը դարձավ համալսարանի մեր ամենասիրելին»:

 

 

Հագեցած ծրագրի ընթացքում ներկաները հասցրին վայելել ֆակուլտետի ուսանողների և հյուրերի երաժշտական կատարումները, ունեցան հնարավորություն ուղղելու իրենց հարցերը և միասին հանդես գալու երաժշտական կատարմամբ:

 

Նշենք, որ հանդիպումը կայացավ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԽ մշակույթի և արտաքին կապերի հանձնաժողովների նախաձեռնությամբ:

Այլ նորություններ
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։