02.05.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ԹԻՄԸ ՇՈՒՏՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ ԹԻՄԸ ՇՈՒՏՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Այսօր Մայր բուհում տեղի ունեցավ «Իմ ֆինանսների ամիս» խորագրով խնայողությունների խաղի միջֆակուլտետային առաջին փուլը:

Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ կենտրոնական բանկը և ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը: Նպատակն էր իրավիճակային հարցերի միջոցով ուսանողների շրջանում պարզել տնտեսագիտության իմացության մակարդակը: Խաղին մասնակցում էին չորս թիմեր: Այն նախատեսված էր նրանց համար, ովքեր չունեին մասնագիտական ֆինանսական գիտելիքներ:

 

Ծրագիրը ներառում է հասարակության տարբեր թիրախային խմբերի համար ուսուցողական գրավիչ և հիշվող միջոցառումներ, որոնք ուղղված են իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Շեշտը հիմնականում դրվել է անձնական ֆինանսների կառավարման վրա՝ «պարտքի կառավարում», «խնայողություն»,  «ապահովագրություն», «ֆինանսները երեխաների համար» և այլն:

 

«Խաղն այս տարի կկրի նաև միջբուհական բնույթ: Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանները: Այն թիմը, որը կցուցաբերի ամենաբարձր արդյունքը, կարժանանա այս տարվա խնայողությունների խաղի գավաթին»,- ասաց Կենտրոնական բանկի սպառողների, շահերի և պաշտպանության ֆինանսական կրթման կենտրոնի մասնագետ Աննա Սադոյանը:

 

Աննա Սադոյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ խաղի մասնակիցները ձեռք են բերում նաև տարրական գիտելիքներ բյուջեի կառավարման ոլորտում. օրինակ՝ որտեղի՞ց է գալիս եկամուտը, ինչպե՞ս այն ստանալ և որքա՞ն գումար նախատեսել հետագա ծախսերի համար:

 

Տեղեկացնենք նաև, որ խնայողությունների խաղը մշակվել է Շվեդիայում գերմանական մասնագետների կողմից: Մրցակցային խաղում հանդես են գալիս տարբեր խմբեր: Նրանք մրցում են, թե ով ավելի լավ կկազմակերպի իրենց ընտանեկան բյուջեն: Խաղի ընթացքում մասնակիցները բախվում են կյանքում անձնական ֆինանսների կառավարման հետ առնչվող բազմաթիվ հարցերի:

 

Ծրագրի համաձայն՝ նախատեսված են շրջագայություններ ֆինանսական տարբեր հաստատություններում: Կանցկացվեն սեմինարներ, բանավեճեր ու ակումբային քննարկումներ: Մեկ ամսվա ընթացքում միջոցառումներ կանցկացվեն հանրապետության ողջ տարածքում: Թիրախում տարբեր մասնագիտություն ունեցող անձինք են՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և ուրիշներ:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: