08.02.2010 | 
Ուսանողական, Կրթություն
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԱԳՆ-ԻՑ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԱԳՆ-ԻՑ
«Միջազգային կազմակերպություններ» դասընթացի առաջին դասն անցկացվեց Արտաքին գործերի նախարարությունում:

Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները ուսումնական կիսամյակը սկսեցին ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանի հետ հանդիպումով: Ուսումնական պլանում ներառված «Միջազգային կազմակերպություններ» առարկայի շրջանակներում ուսանողներն ուսումնասիրում են Եվրամիության, Եվրախորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը: Կիսամյակի ընթացքում յուրաքանչյուր կազմակերպության վերաբերյալ դասախոսությունը կարդում է տվյալ կազմակերպության ներկայացուցիչը:

 

«Ես ուզում եմ ոչ թե դասախոսության, այլ զրույցի միջոցով ձեզ ծանոթացնել այն թեմային, որը դուք ուսումնասիրելու եք: Ուզում եմ խոսել ոչ թե առանձին կազմակերպությունների մասին, այլ Հայաստանի համար դրանց դերի ու նշանակության մասին »,- նշեց Կարինե Ղազինյանը: Միջազգային կազմակերպությունները հիմնականում ստեղծվել են 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Դրանց նպատակներն էին ապագա սերունդներին զերծ պահել պատերազմներից ու արհավիրքներից, Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ երկխոսություն հաստատել եւ այլն:

 

Տիկին Ղազինյանը կենտրոնացավ հատկապես Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վրա` առանձնացնելով անցած տարի ստեղծված Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի անդամ է նաեւ մեր պետությունը: Նրա կարծիքով` այդ ծրագիրը համագործակցության լայն դաշտ է բոլոր ոլորտների համար եւ եվրաընտանիքին մոտենալու լավ հնարավորություն: Տիկին փոխնախարարը խոսեց նաեւ վերջին տարիների արտաքին քաղաքական զարգացումների մասին: Մի քանի բառով անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ստորագրված արձանագրություններին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։