27.04.2011 | 
Կրթություն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏԸ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏԸ
Ապրիլի 27-ից 28-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Անձը եւ կրթական միջավայրը. մշակութային եւ հոգեբանամանկավարժական տեսանկյուններ» խորագրով գիտաժողովը:

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված այս ուսանողական գիտաժողովը միջբուհական բնույթ է կրում. մասնակցում են պետական բուհերի տասը ուսանողներ: Ապագա հոգեբաններն իրենց զեկույցներում անդրադառնում են կրթության տարբեր աստիճաններում (նախադպրոցական տարիքից մինչեւ բուհ) առկա խնդիրներին ու փորձում դրանց տալ հոգեբանական ձեւակերպումներ, ինչու չէ, նաեւ լուծումներ: Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հրաչյա Հարությունյանը, ով արդեն մի քանի տարի է` ներկա է գտնվում ուսանողական այսպիսի գիտաժողովների, ուրախությամբ է արձանագրում զեկույցների որակական աճը եւ ուսանողների` ֆակուլտետի գիտական կյանքին մասնակից դառնալու պատրաստակամությունը: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Աննա Մալխասյանն իր հետազոտության համար ընտրել էր զարգացման սահմանափակ կարողություններով երեխաների ընտանեկան կրթության խնդիրը:

 

«Այդպիսի երեխաների ծնողների մոտ 70%-ը հակված է գերագնահատել իր երեխայի հնարավորությունները, իսկ 25%-ը թերագնահատում է: Ծնողների միայն 5%-ն է ճիշտ գնահատում իր երեխայի կարողությունները, հետեւաբար նրանց մեծամասնությունն այս հարցում մասնագետների օգնության կարիքն ունի»,- իր զեկույցում եզրահանգում է Աննա Մալխասյանը: Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Ալլա Ավետիսյանն էլ անդրադարձել էր կրթական համակարգի բարեփոխումներին:

 

Ապագա դասվարը, բարեփոխումների դրական կողմին զուգահեռ, ներկայացրել էր նաեւ դրանց անհամապատասխանությունները տեխնիկական, հոգեբանորեն մարդկանց ոչ բավարար պատրաստվածության վիճակին: «Հայաստանի որոշ դպրոցներում նույնիսկ համակարգիչ չկա, չկան բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի դասերի համար նախատեսված սպորտդահլիճներ»,- նկատում է զեկույցի հեղինակը` ընդգծելով հատկապես դպրոցների անմխիթար վիճակը մարզերում: Ի դեպ, գիտաժողովի երկու օրերի ընթացքում ֆակուլտետի դասախոսները կգնահատեն մասնակիցների ներկայացրած զեկուցումները եւ կառանձնացնեն դրանցից երեք լավագույնները, որոնք նաեւ կտպագվեն:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։