07.05.2009 | 
Ուսանողական
ԳԱՎԱԹՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ԵՊՀ 90-ԱՄՅԱԿԸ
ԳԱՎԱԹՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ԵՊՀ 90-ԱՄՅԱԿԸ
Ապրիլի 15-ից մայիսի 7-ը համալսարանում անցկացվեց բասկետբոլի փոխանցիկ գավաթի առաջնությունը` նվիրված ԵՊՀ 90-ամյակին:

Այս տարի այն բաժին ընկավ Կենսաբանության ֆակուլտետի հավաքականին: Եզրափակիչ փուլում 45:35 հաշվով նրանք պարտության մատնեցին անցյալ տարվա գավաթակիր Ֆիզիկայի ֆակուլտետի հավաքականին: Նախնական վիճակահանությանը մասնակցել են 14 ֆակուլտետների թիմեր: Սակայն պայքարի մեջ են մտել 13-ը` Կենսաբանության, Երկրաբանության, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Սոցիոլոգիայի, Քիմիայի, Աստվածաբանության, Պատմության, Փիլիսոփայության եւ հոգեբանության, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների եւ Տնտեսագիտության ֆակուլտետները:

 

Մրցաշարն անցկացվել է օլիմպիական սկզբունքով, միայն այն տարբերությամբ, որ մեկ պարտություն կրած թիմերը կարող էին շարունակել պայքարը: Սկզբում կենսաբանները պարտվեցին: Սակայն տրված հնարավորությունը կարողացան օգտագործել եւ դարձան չեմպիոն: Մրցումներն անցկացվում էին շաբաթական չորս օր` երկուական խաղով: «Մի թերություն կա, որի վրա կուզեի հրավիրել ֆակուլտետների ուսանողական խորհուրդների ուշադրությունը:

 

Սպորտային միջոցառումներ շատ են անցկացվում, բայց ոչ մի թիմ չի ներկայանում իր համազգեստով: Կարծում եմ` դժվար չի լինի 6-8 զույգ համազգեստի ձեռքբերումը: Դրանով ե´ւ մեր գործը կթեթեւանա, ե´ւ ուսանողները ստիպված չեն լինի ամեն անգամ այստեղից- այնտեղից համազգեստ ճարել»,- ասում է գլխավոր մրցավար, Ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Վլադիմիր Զաքոյանը: Պարոն Զաքոյանը ցավով նշում է, որ համալսարանում բասկետբոլի խաղամակարդակը բավական ցածր մակարդակի վրա է: Ամեն թիմում 1-2 հոգի են լավ խաղացող, նրանք էլ կատարելագործման խմբակներից են: Իսկ այնտեղ, որտեղ խաղամակարդակը ցածր է, պայքարն ավելի կատաղի է լինում եւ մրցավարներին ավելի լարված վիճակում է պահում:

 

Թիմերից եւ ոչ մեկում աղջիկներ չէին խաղում: Պատճառը խաղի բարդությունն է ու լուրջ վնասվածքներ ստանալու հավանականությունը: Այնուամենայնիվ, համալսարանն ունի աղջիկների թիմ, որը մասնակցում է միջբուհական մրցումներին ու բավական բարձր ցուցանիշներ է գրանցում: Մրցող թիմերին իրենց ներկայությամբ ու բացականչություններով ոգեւորում էին երկրպագուները: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը ստացան համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ, իսկ գավաթը մեկամյա հանգրվան գտավ Կենսաբանության ֆակուլտետում:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: