28.04.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«1869 թվականին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին»:

Սեւակյան այս հարցադրումով իր խոսքն սկսեց Հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի ուսանողների կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Սամվել Մուրադյանը նշեց նաեւ, որ այդ նույն տարում են ծնվել Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը, Երվանդ Օտյանը, Լեւոն Շանթը:

 

«Այս տարին հագեցած է հոբելյաններով, հոբելյանները լավ առիթ են, որ մենք նորովի մոտենանք հոբելյարների թողած գրական վաստակին: Եթե փորձենք մտովի պատկերացնել, թե ո՞վ է Հովհ. Թումանյանը մեզ համար, ապա պիտի պատասխանենք Ստեփան Զորյանի հայտնի բնորոշմամբ. «Թումանյանը հայոց Պուշկինն է»: Ինչպես ռուս գրականությունը մարդն իր հինգ զգայարաններով զգում է Պուշկինի գրականությամբ, այնպես էլ հայն ու հայկականը ծորում են «ամենայն հայոց բանաստեղծի» ստեղծագործության յուրաքանչյուր տողից»,- ասում է պրոֆեսորը:

 

Նա, իր խոսքը շարունակելով, ավելացնում է. «Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը կարեւոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության եւ ողջ հոգեւոր մշակույթի պատմության մեջ: Իր երկերի համազգային եւ համամարդկային բովանդակությամբ, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներով Թումանյանը նվաճել է հայ ժողովրդի «ազգային մեծ գրող» կոչվելու իրավունքը»: Միջոցառման ընթացքում ֆակուլտետի ուսանողներն ասմունքեցին հանճարեղ գրողի լավագույն բանաստեղծություններից մի քանիսը, «Անուշ» պոեմից հատվածներ կարդացին, երգեցին, իսկ թումանյանական հայտնի քառյակներն այս անգամ հանդիսատեսն ունկնդրեց օտարազգի ուսանողների շուրթերից:

 

Ցերեկույթի պատվավոր հյուրերից էր նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյսնը, ով Թումանյանին ներկայացրեց որպես հրապարակախոս` մեջբերելով այսօր էլ արդիական համարվող բազմաթիվ մտքեր նրա հրապարակախոսական հոդվածներից: Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպիչներին ողջունելու էին եկել նաեւ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, ովքեր ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկան Լեոնիդ Շեկյանի կողմից պարգեւատրվեցին շնորհակալագրով:

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: