27.09.2018 | 
Գիտություն
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԿԵՐՏԵԼ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ».ՆԻԼ ՋԱՐՄԵՆ
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԿԵՐՏԵԼ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ».ՆԻԼ ՋԱՐՄԵՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Անցումը զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը» թեմայով դասախոսություն:

Այն իրականացվում է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կողմից:

Բանախոսը Հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի գործադիր տնօրեն, Քուինսի համալսարանի սենատոր Ջորջ Միտչելի անվան գլոբալ խաղաղության, անվտանգության և արդարության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիլ Ջարմենն էր:

Դասախոսության ընթացքում նա անդրադարձավ Հյուսիսային Իռլանդիայի մոտ 20 տարվա պատմություն ունեցող հակամարտությանը, ներկայացրեց դրա առաջացման հիմքերը: Նիլ Ջարմենը խոսեց նաև հակամարտության արդյունքում ձևավորված քաղաքացիական շարժումների մասին, որոնք հետագայում սկսեցին քաղաքական օրակարգ ձևավորել:

«Իրականում շատ դժվար է կերտել կայուն խաղաղություն,- իր ելույթում նշեց բանախոսը,- այդ ճանապարհին միշտ էլ լինում խոչընդոտներ, որոնք էլ հետո ձևավորում են  հակամարտող կողմեր»:

Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթացնելու Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության պատմությանն ու ներկա իրավիճակին:

 

Ըստ բանախոսի՝ նմանատիպ իրավիճակների լուծումը հնարավոր է միայն հակամարտությունը բանակցային դաշտ տեղափոխելու միջոցով:

«Հյուսիսային Իռլանդիայի օրինակով կարելի է փաստել, որ այդ ամենն աստիճանաբար տեղի ունեցավ ՝ ժամանակի ընթացքում հարցի լուծման համար ստանալով անհրաժեշտ աջակցություն ու գումար»,- ասաց Նիլ Ջարմենը:

Դասախոսության ընթացքում Նիլ Ջարմենը ներկայացրեց նաև այն բոլոր մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս խաղաղության կերտման ճանապարհին՝ առանձնացնելով  քաղաքական առաջնորդի և պայքարի հստակ մարտավարության պակասը, ինչպես նաև պայքարի ընթացքում թերագնահատված խնդիրները:

Հանդիպման վերջում ներկաները հարց ու պատասխանի միջոցով փորձեցին պարզել, թե ինչպես են Հյուսիսային Իռլանդիայում վերաբերում «brexit»-ին, ինչպես նաև  զուգահեռներ անցկացրին Արցախյան հակամարտության կարգավորման հետ:

Այլ նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գևորգ Շահխաթունու կողմից ներկայացրած «Կիսահաղորդչային կառուցվածքների հետազոտումը իմպեդանսային սպեկտրասկոպիայի եղանակով» գիտական թեման: