23.10.2018 | 
Հասարակություն
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է
Ես ԵՊՀ ուսանող Նելլի Մուրադյանն եմ:

Ծնվել ու ապրում եմ Տավուշի մարզի Կողբ սահմանամերձ գյուղում: Կողբ համայնքն առանձնանում է բոլոր մնացած սահմանամերձ համայնքներից, քանի որ այստեղ ամենատարբեր ոլորտներում առաջընթացի շատ մեծ նախադրյալներ կան:

 

Սովորել եմ մեր գյուղի դպրոցում, և իմ կյանքի ամենաբարդ շրջաններից մեկը բուհ ընդունվելու համար պարապելու ժամանակաշրջանն էր: Դժվար էր, քանի որ հասկանում էի, որ մեծ պատասխանատվության առջև եմ կանգնած: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան ցանկանում ես, ապա ամբողջ տիեզերքն է նպաստում դրա իրագործմանը: Տվյալ դեպքում, կարելի է ասել, այդ տիեզերքը ինձ համար իմ գյուղն էր, ինձ շրջապատող մարդիկ, գյուղի անդորրը, որը դրական ներգործություն է ունենում: Մեր գյուղում ամեն ինչ իր տեղում է. անսխալ, անթերի:

 

Մասնագիտության ընտրության հարցում ինձ չեն համոզել, խորհուրդ չեն տվել, չեն հուշել. ես ինքս եմ այն ընտրել: Մանկությանս երազանքն է եղել իրավաբան դառնալը, քանի որ ցանկություն կար արդարադատություն և օրինականություն հաստատել մեր պետությունում: Ինձ հետաքրքրել է նաև պատմաբանի մասնագիտությունը: Մեր պատմությունն ավելի խորն ուսումնասիրելու ոչ մի առիթ բաց չեմ թողել: Համադրելով պատմության նկատմամբ իմ սերը և գիտակցելով օրինականության, արդարադատության նշանակությունը մեր հասարակության համար՝ ընտրել եմ իրավաբանի մասնագիտությունը: Բուհի ընտրության հարցում մի քիչ տատանվում էի, բայց ամենավճռական պահին որոշեցի ընդունվել ԵՊՀ: Բացի այդ՝ ծնողներս միայն ԵՊՀ-ն էին խորհուրդ տալիս:

 

Գյուղում, անկեղծ ասած, շատ էմոցիոնալ են վերաբերվում ուսանողներին: Ամեն տարի ընդունելության քննություններից հետո մեր գյուղի բնակիչները սրտատրոփ սպասում են, թե այս տարի ով և որտեղ կընդունվի, հետագայում ինչ մասնագետ կդառնա: Բոլորը հարցեր են տալիս, հետաքրքրվում են, թե ինչպես է անցում ուսանողական առօրյան: Երբ մի քանի օրով գյուղում եմ գնում, երբեմն մեր հարևանները մեղր են բերում ու ստիպում, որ անպայման ուտեմ ու ավելի լավ սովորեմ:

 

Գյուղ գնալու ցանկությունը շատ մեծ է, սակայն բավականին դժվար է թեկուզ շաբաթական մեկ անգամ մոտ 4 ժամ տևողությամբ ճանապարհ հաղթահարելը:  Ճիշտ է, կարոտում եմ, բայց դասերով ծանրաբեռնված լինելու պատճառով հաճախ չեմ գնում գյուղ: Սակայն երբ հասնում եմ մեր տուն, ապա ներս մտնելուց անմիջապես հետո դուրս եմ գալիս ու ժամերով շրջում եմ ինձ հարազատ վայրերով:

 

Պետք է ասեմ, որ սովորելով Իրավագիտության ֆակուլտետում, ուսումնասիրելով արդարադատության համակարգը, իրավունքի առանձին ճյուղերն՝ ես, բացի զուտ տեսական գիտելիքներից, ստանում եմ նաև գործնական հմտություններ, որոնք օգտագործելով կարող եմ հետագայում լավ աշխատանք գտնել: Իմ կարծիքով, յուրաքանչյուր կողբեցի իր բնագավառում փորձում է լինել լավագույնը, որպեսզի կարողանա ամրապնդել պետության հիմքերը ու հետագայում ստեղծել բարեկեցիկ կյանք ու լավ ապագա սերունդների համար:

 

Երևանի պետական համալսարանում ուսումս ավարտելուց հետո պատրաստ եմ վերադառնալ մեր գյուղ: Շատ բարձր եմ գնահատում, երբ սահմանամերձ համայնքներից ուսանողները գալիս են այստեղ, ստանում համապատասխան կրթություն և վերադառնում են իրենց բնակավայր: Ես նույնպես համապատասխան աշխատանք ունենալու և հնարավորության դեպքում վերադառնալու եմ գյուղ ու փորձելու եմ աշխատել այնտեղ, ինչ-որ նպաստավոր բան անել իմ Կողբի համար: Բնականաբար հասկանում եմ, որ այստեղ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի լայն են, սակայն պետք է զարգացնել նաև համայնքները, քանի որ պետությունը սկսվում է հենց սահմանից:

 

Պատրաստեց Մարինե Առաքելյանը

Այլ նորություններ
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ-ում Իտալիայում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՇԱՏ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ». ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Ջուն Յամադայն այսօր հանդիպել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: