05.09.2019 | 
Գիտություն
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ  ՈՐԱԿԻ  ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ  ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ  ԾՐԱԳՐԻ  ԲԱՑՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից ներկայացված Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծման ու «Դեղերի որակի հետազոտման և մոնիտորինգի» դեղագետ-վերլուծաբանների պատրաստման մագիստրոսական ծրագիրն արժանացել է հավանության և ստացել 600.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, որից 540.000 ԱՄՆ դոլարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ 60.000 ԱՄՆ դոլարը համաֆինանսավորել է ԵՊՀ-ն:

Ծրագրի գերագույն նպատակն է միջազգային չափորոշիչներին համահունչ դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստումը, ինչը նախատեսում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական լաբորատորիայի ստեղծում և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների և դեղերի որակի հսկման ու գնահատման նոր մագիստրոսական ծրագրի բացում:

 

Ծրագրի մտահղացման, անհրաժեշտության և  հեռանկարների մասին ysu.am-ը զրուցել է ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ԱշոտՍաղյանի հետ:

 

Վերջինս պարզաբանեց, որ իրենք հանրապետության դեղարտադրող ընկերություններից, դեղգործակալություններից, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնից և այլ կազմակերպություններից պարբերաբար ստանում են  տեղեկատվություն դեղաշուկայում առկա դեղագետ-վերլուծաբան մասնագետների մեծ պահանջարկի վերաբերյալ, ինչից և բխում է վերոնշյալ գիտաուսումնական կենտրոնի ստեղծման և մագիստրոսական ծրագրի բացման անհրաժեշտությունը:

 

«Մեզ անհրաժեշտ են դեղագետ-վերլուծաբաններ, որոնք կկարողանան ժամանակակից մեթոդների կիրառմամբ զբաղվել դեղերի որակի հետազոտմամբ, գնահատմամբ և մոնիտորինգի հիմնահարցերով»,- ընդգծեց Ա. Սաղյանը:

Նա նշեց, որ Հայաստանում դեղերի հետազոտմամբ և մոնիտորինգով զբաղվում է միայն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը. «Այս ամենն ինչ-որ չափով հակասում է մենաշնորհության մասին ՀՀ  օրենքին, քանի որ անհրաժեշտ են այլընտրանքային կառույցներ կամ կազմակերպություններ, որոնք նույնպես կզբաղվեն նշված գործառույթներով»: 

 

ԱշոտՍաղյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման փուլերը, որոնց կհաջորդեն մագիստրոսական ծրագրի բացումն ու ուսանողների ընդունելության կազմակերպումը. «Նախատեսվում է ձեռք բերել 6 նոր ժամանակակից սպեկտրադիտական սարքավորումներ և դրանք համալրել արդեն առկա  4  սարքավորումներով, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ստեղծել միջազգային պահանջներին համապատասխան գիտաուսումնական վերլուծական լաբորատորիա, որտեղ կներդրվեն ֆիզիկաքիմիական անալիզի ժամանակակից մեթոդներ, և կիրականացվեն դեղանյութերի ու դրանց բաղադրիչների կառուցվածքային հետազոտություններ, հանրապետությունում արտադրվող և ներկրվող դեղապատրաստուկների որակի հսկման ու գնահատման  գործառույթներ»:

 

Ա. Սաղյանից հետաքրքրվեցինք՝ երբ են ավարտվելու լաբորատորիայի ստեղծման աշխատանքները, և արդյոք մասնագետները լինելու են Ֆարմացիայի ինստիտուտից:

 

«Գնումների գործընթացն արդեն մեկնարկել է, կատարվելու են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, որից հետո լաբորատորիան համալրվելու է անհրաժեշտ կահույքով: Ծրագիրը նախատեսված է իրականացնել 18 ամսվա ընթացքում, այսինքն՝ լաբորատորիայի կազմավորման աշխատանքներն կավարտվեն 2020 թվականի փետրվարին, այնուհետև կստեղծվի գիտաուսումնական կենտրոն, իսկ 2021 թ.-ից կգործի նոր մագիստրոսական ծրագիրը՝ «Դեղագետ- վերլուծաբան» մասնագիտացմամբ»,- պարզաբանեց վերջինս:

 

Նրա տեղեկացմամբ, մասնագետների գերակշռող մասը լինելու է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտից, որոնք լրացուցիչ վերապատրաստվելու են, բացի դրանից՝ գործուղումներ են նախատեսված օտարերկրյա բարձրակարգ դեղագործական ընկերություններ ու գիտական լաբորատորիաներ:

 

Անդրադառնալով ուսանողների ներգրավվածությանըմագիստրոսական նոր ծրագրին՝  ԵՊՀ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ «Ֆարմացիա» մասնագիտությամբ  մագիստրատուրա ընդունված առավել բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները սովորելու են հենց այս ծրագրով:

 

Ա. Սաղյանը նշեց նաև, որ նախատեսվում է համապատասխան արտոնագրի (լիցենզիայի) ստացում՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով. «Ես համոզված եմ, որ ծրագիրն իրագործելու դեպքում կենտրոնն աստիճանաբար վերածվելու   է ինքնաֆինանսավորվող կառույցի,  այն դառնալու է ԵՊՀ լավագույն գիտակրթական կենտրոններից մեկը և, իհարկե, պատրաստելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան  բարձրակարգ դեղագետ-վերլուծաբաններ, որոնք համալրելու են ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա աշխատաշուկան»,- ամփոփեց Ա. Սաղյանը:

 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը

 

Այլ նորություններ
«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՎ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ԵՆ ՏԱԾՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ». ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿԱՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴ
Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր Նիլս-Կարե Բիրկելանդը ԵՊՀ-ում կարդացել է էքստրեմոֆիլ մանրէների մասին հերթական դասախոսությունը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՆՖԼԻԿՏԱԲԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում նոյեմբերի 15-16-ը տեղի է ունեցել «Կոնֆլիկտոլոգիան XXI դարում. խաղաղության ամրապնդման ուղիներն ու եղանակները» խորագիրը կրող 3-րդ միջազգային համաժողովը: