30.05.2019 | 
Կրթություն
«ՊԻՆԴՄԱՐՄՆԱՅԻՆ ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ» ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՊԻՆԴՄԱՐՄՆԱՅԻՆ ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ» ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում 2019-2020 ուստարուց գործելու է «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» մագիստրոսական ծրագիրը:

Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» մագիստրոսական ծրագիրը սպասված նորություն էր, այն վաղուց էր նախատեսված ներդնել ֆակուլտետի կրթական ծրագրերում:

 

Նրա խոսքով, «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» կրթական ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել պինդմարմնային նանոֆիզիկայի, նյութագիտության և նանոէլեկտրոնային սարքաշինության ոլորտների մասնագետներ, որոնք կիրա­կա­նացնեն ոչ միայն նորագույն գիտական հետազոտություններ կամ կկազմակերպեն բարձրտեխնո­լոգիական արտադրություններ, այլև կնախաձեռնեն և կառևտրայնաց­նեն նորարարական գործարար ձեռնարկումներ:

 

Ըստ Արշակ Վարդանյանի՝ ծրագրի ներմուծումը մեծապես կօգնի դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում և կմեծացնի նրանց հոսքը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: «Ծրագրի հաջող իրականացումը կարող է ապագա դիմորդների շրջանում կտրուկ մեծացնել «Ֆիզիկա» գիտության նկատմամբ հետաքրքրությունը, որը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն: Ծրագիրը հեռանկարում կարող է լինել ամենահաջողվածներից մեկը՝ ԵՊՀ-ում օտարերկրյա դիմորդներ ներգրավելու առումով: Ինչպես նաև այս ծրագիրը կարող է օժանդակել համալսարանին՝ միջազգային կրթական և գիտատեխնիկական միջավայրին ինտեգրվելու գործում»,- ասաց նա:

 

 Ծրագրի դասավանդումն իրականացվելու է հայրենով, իսկ հետագայում նախատեսվում է նաև անգլերենով:

 

Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչի խոսքով, այսօր մեր երկրի տնտեսությունը և ռազմական արդյունաբերությունը պահանջներ են առաջադրում կառավարելիության բարձր աստիճան, էներգախնա­յողա­կան, հուսալի գործարկվող, բնապահպանական նորմերին բավարարող, տարբեր համակարգերում հեշտությամբ ինտեգրվող պինդմարմնային նանոօբյեկտների ստեղծման վերաբերյալ. «Այդ պահանջարկը շատ մոտ ապագայում կտրուկ մեծանալու է:

 

Դա վկայվում է բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացման ներկա տեմպով: Գիտական միավորումներից բացի՝ երկրում պինդմարմնային նանո­ֆիզի­կայի և նյութագիտության մասնագետները պահանջված են լինելու էներգետիկայի, կապի, էլեկտրոնային և ռազմական արդյունաբերության, մեքենաշինության, առողջապահության, բնապահպանության և այլ ոլորտներում»:

 

Արշակ Վարդանյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնն ունի անհրաժեշտ մարդկային գիտական և տեխնիկական ռեսուրսներ. «Կրթական ծրագրի գործնական մասը լիարժեք ապահովելու համար նախատեսվում է նաև ՀՀ հետազոտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով ապահովված լաբորատորիաների, փորձա­րարական բազաների, ինչպես նաև էլեկտրոնային ռեսուրսների օգտագործում»։

 

Ամբիոնի վարիչը նշեց, որ «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների՝ պինդմարմնային նանոֆիզիկային և նյութագիտությանն առնչվող ոլորտների ձեռնարկություններում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր մեկնարկեց 8-րդ Ասպիրանտական հնէակենդանաբանության համաժողովը, որը տևելու է մինչև հուլիսի 23-ը ներառյալ:
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը պատրաստել է բակալավրիատի նոր, մրցունակ և գերհագեցած ծրագիր, որն առաջինն ու միակն է կրթական ոլորտում։