ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի երեք հատորների էջերում տեղ են գտել 103 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած գրեթե 450 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության: Ի դեպ, տպագրված հոդվածները հասանելի են նաև ԵՊՀ կայքում:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, շնորհավորելով հոդվածագիրներին, ասաց, որ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն մինչ այս տարեգիրք էր, մինչդեռ ԲՈԿ-ի նոր չափորոշիչների համաձայն՝ պարբերականը պետք է հրատարակվի տարեկան առնվազն երկու անգամ. «ԲՈԿ-ի կողմից ճանաչելիությունը պահպանելու համար ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն հրապարակվելու է տարեկան երկու անգամ»:
ՈՒԳԸ նախագահը տեսապատկերի միջոցով որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց ժողովածուի վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց, որ տպագրված հոդվածների ավելի քան 70 %-ը հայերեն են, 17 %-ը՝ անգլերեն, իսկ 12 %-ը՝ ռուսերեն. «Հոդվածագիրների ճնշող մեծամասնությունը ներկայացնում է ԵՊՀ-ն, 16 %-ը՝ հայաստանյան այլ բուհեր, իսկ 13 %-ը՝ արտասահմանյան բուհեր»:
Վանատուր Շերենցը մեկ անգամ ևս շեշտեց, որ ժողովածուում հոդված տպագրելու համար պարտադիր պետք է զեկուցմամբ հանդես գալ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական նստաշրջանին. «Արդեն նշեցի, որ այս անգամ հնչած 450 զեկուցումներից տպագրվել են միայն 103-ը: Ընտրվել են այն հոդվածները, որոնք պարունակել են գիտական նորույթ, իսկ դրանց արդյունքներն էլ հիմնված են եղել գիտական մեթոդների վրա»:
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի նոր հատորների շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրները ստացան իրենց օրինակները:
Քնար Միսակյան