19.07.2019 | 
Գիտություն
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը:

Պարբերականի երկու հատորների էջերում տեղ են գտել 70 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության: Ի դեպ, տպագրված հոդվածները հասանելի են նաև ԵՊՀ կայքում:

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, շնորհավորելով հոդվածագիրներին, ասաց, որ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն» մինչ այս տարեգիրք էր, մինչդեռ ԲՈԿ-ի նոր չափորոշիչների համաձայն՝ պարբերականը պետք է հրատարակվի տարեկան առնվազն երկու անգամ. «ԲՈԿ-ի կողմից ճանաչելիությունը պահպանելու համար «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուն» հրապարակվելու է տարեկան երկու անգամ»:

Վանատուր Շերենցը շեշտեց, որ պարբերականը ոչ միայն ՈՒԳԸ-ի նկարագիրն է և ուսանողական կառույցի կատարած աշխատանքի ցուցիչը, այլև ՈՒԳԸ-ի բովանդակային հիմքը: Միևնույն պահին այն նաև բոլոր հոդվածագիրների դեմքն է՝ նրանց գաղափարների, վերլուծությունների և ակադեմիական ընկալումների խտացումը:

ՈՒԳԸ փոխնախագահ Անի Հակոբյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց պարբերականի վերաբերյալ. տպագրված հոդվածների 76%-ը հայերեն է, 14%-ը՝ անգլերեն, իսկ 10%-ը՝ ռուսերեն: Հոդվածագիրների ճնշող մեծամասնությունը՝ 63%-ը, ներկայացնում է ԵՊՀ-ն, 6%-ը՝ հայաստանյան այլ բուհերը, իսկ 8%-ը՝ արտասահմանյան բուհերը:

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև «Ակադեմիական միջավայր. գիտության դերի բարձրացումն ու հետազոտության խթանումը ՀՀ-ում» գիտակրթական ֆորումը:

Ֆորումի ընթացքում «Սոցիոլոգիական կրթությունը համակարգային և սոցիալ-մշակութային խնդիրների հետազոտության համատեքստում» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ սոց. գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, «Գիտական գիտելիքը հանրային քաղաքականության հիքում» վերնագրով զեկուցմամբ հանդես եկավ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանը, իսկ «Կրթության դերն արդի աշխարհում. կրթական մոդելներ՝ լսարանից մինչև կյանք» զեկուցումը ներկայացրեց պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ, կրթության փորձագետ Լիլիթ Մկրտչյանը:

Զեկուցումներին հետևեց պանելային քննարկումը, որի ժամանակ բանախոսներն անդրադարձան կրթագիտական առաջատար փորձի ուսումնասիրությանը, հնչեցին առաջարկություններ, և տրվեցին խնդիրների լուծման մեթոդներ:
ԵՊՀ ՈՒԳԸ գիտական խորհրդի որոշմամբ, պատվավոր անդամ ճանաչվելու, ՈՒԳԸ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծավալած բազմամյա ակտիվ գործունեության համար ԵՊՀ ուսանողներ Կարպիս Անումյանը և Մերի Ազիզյանն արժանացան պատվոգրերի:

Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարպիս Անումյանը նշեց, որ շատ ուրախ է և միևնույն ժամանակ հպարտ 100-ամյա համալսարանի հոբելյանական տարում ԵՊՀ ՈՒԳԸ պատվավոր անդամի կոչմանն արժանանալու պատվի համար. «Վստահ եմ, որ ապագայում բոլորս էլ նորանոր հաջողությունների հասնելու բազմաթիվ առիթներ և հնարավորություններ կունենանք»:

«Շատ շնորհակալ եմ ԵՊՀ ՈՒԳԸ-ին ինձ այս պատվին արժանացնելու համար: Շնորհակալ եմ նաև իմ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ այս տարիների ընթացքում աջակցելու, միշտ իմ կողքին լինելու և համագործակցելու համար»,- ասաց Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Ազիզյանը:

«ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի» նոր հատորների շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրները ստացան իրենց օրինակները:

 

Այլ նորություններ
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը: