26.06.2017 | 
Հասարակություն
ՆՈՐ ԳԻՐՔ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՆՈՐ ԳԻՐՔ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը:

Դորա Սաքայանն իր կյանքի զգալի հատվածը նվիրել է գիտական և գրականագիտական գործունեությանը: Նա հեղինակ է տարբեր գրքերի, դասագրքերի, գիտական հետազոտությունների և այլն: ԵՊՀ հրատարակչության կողմից տպագրված «Նրանց քշում են անապատները…» գիրքը հեղինակի նույնանուն՝ 2016 թ.-ին Ցյուրիխի «Լիմաթ» հրատարակչության կողմից լույս տեսած գերմաներեն բնագրի հայերեն տարբերակն է, որին հեղինակը ավելացրել է վերջաբան:

 

Գրքի ծնունդը շնորհավորելու էին եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, գրական ոլորտի առաջավոր դեմքեր, ուսանողներ և ուրիշներ:

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին պարբերական և արդյունավետ է դարձել համալսարանի և Դորա Սաքայանի հետ համագործակցությունը: Ռեկտորի հավաստմամբ՝ տարիներն անցնում են, բայց Դորա Սաքայանը շարունակում է երիտասարդական ավյունով նորանոր աշխատություններ հրապարակել. «ԵՊՀ պատվավոր դոկտորի գրքերի մեծ մասը վերաբերում է Հայոց ցեղասպանության խնդրին: Պետք է նշել, որ տիկին Սաքայանը համալսարանական այն քիչ հին աշխատակիցներից մեկն է, ով շարունակում է ամուր կապեր պահպանել Մայր բուհի հետ: Ինչ խոսք, նրա հետ համագործակցությունը տալիս է առատ պտուղներ. այդ պտուղներից մեկն էլ «Նրանց քշում են անապատները…» գիրքն է»:

 

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ողջունեց շնորհանդեսի մասնակիցներին և նշեց, որ Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցն այսօր դարձել է հանրության լայն շերտերի քննարկման և իրազեկման նյութ. «Ցեղասպանության հետազոտությունների մեջ շատ կարևոր տեղ են զբաղեցնում ականատեսների վկայությունները: Դրանք մեզ ավելի ու ավելի ցայտուն կերպով են ներկայացնում այն տառապանքը, որը կրել է հայ ժողովուրդը 1915 թ.-ին և դրանից հետո: Այսպիսի հրատարակությունները ևս մեկ քայլ են օժանդակելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շատ բան իմանալ և զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով»:

 

 

Գրքի հեղինակը՝ Դորա Սաքայանը, այժմ ապրում և ստեղծագործում է Կանադայում: Նա նշեց, որ Շվեյցարիայում մեծածավալ աշխատության բնագիր տարբերակը լայն տարածում է գտել: Տիկին Սաքայանը զարմանալի և միաժամանակ ողջունելի համարեց նաև գրքի հայերեն տարբերակի կայծակնային արագությամբ պատրաստումն ու տպագրումը, ինչի համար շնորհակալ է ԵՊՀ հրատարակչության ստեղծագործական թիմին:

 

Պետք է նշել, որ աշխատության հիմքում ընկած են Դորա Սաքայանի կողմից շվեյցարական արխիվներից հավաքված և գոթական ձեռագրերից վերծանված, Հայոց ցեղասպանության ականատեսների` շվեյցարացի ամուսիններ Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիների օրագրությունները։ «Նրանց քշում են անապատները...» գիրքը բաղկացած է երեք գլխից. առաջին երկուսը նվիրված է շվեյցարացի զույգին, իսկ երրորդը` նրանց օգնությամբ սպանդից մազապուրծ եղած հայորդի Հայկ Արամյանին։

 

«Նրանց քշում են անապատները…» գրքի խմբագիր, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանը նշեց, որ գիրքը կարող է մեծ դերակատարում ունենալ պատմական ճշմարտությունների վերհանման առումով. «Այն կարևոր աղբյուր է Հայոց ցեղասպանության գլխավոր մեղադրյալների և մեղսակիցների ամբողջական պատկերը գիտականորեն մշակելու և հիմնավորելու տեսանկյունից»:

Բոլոր բանախոսներն էլ, բարձր գնահատելով Դորա Սաքայանի գիտական և գրականագիտական միտքը, նշեցին, որ նրա նոր գիրքը անգնահատելի նշանակություն ունեցող աշխատություն է: Իսկ շնորհանդեսի ավարտին տիկին Սաքայանը խոստացավ, որ հաջորդ գիրքը երկար սպասեցնել չի տա:

 

Նշենք նաև, որ գիրքը հասցեագրված է ցեղասպանագետներին և ընթերցող լայն հասարակությանը: Մի նոր և արժեքավոր վավերագրությամբ այս գրքով Դորա Սաքայանը հարստացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը. այն կարող է կարևոր դեր կատարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

 

Դորա Սաքայանը ԵՊՀ պատվավոր դոկտոր է, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ մեդալակիր, Կանադայի ՄակԳիլլ համալսարանի պրոֆեսոր: Արժանացել է Գերմանիայի Դաշնության «Արժանյաց կարգի խաչ» քաղաքացիական բարձրագույն շքանշանի: Հեղինակ է շուրջ տասնյակ գրքերի և գիտական հոդվածների:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: