13.04.2018 | 
Գիտություն
ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԸ, ԱԶՆԻՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՄԵԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ. ՀԵՏՄԱՀՈՒ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԵՍՏ ՄԱՐԴԸ, ԱԶՆԻՎ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՄԵԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ. ՀԵՏՄԱՀՈՒ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷԴՎԱՐԴ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում Էդվարդ Դանիելյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակում տեղի ունեցավ նրա՝ հետմահու տպագրված «Եղեռնից փրկված հայ փախստականները Անդրկովկասում 1914-1922 թթ. (շարժը, կացությունը, թվակազմը)» մենագրության շնորհանդեսը:

Շուրջ չորս տասնյակ գիտական հոդվածների, մենագրության, բուհական դասագրքի և ձեռնարկի հեղինակ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Էդվարդ Դանիելյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին նրա ընտանիքի անդամները՝ ի դեմս կնոջ և որդու, հարազատները, մտերիմները, գործընկերները և ուսանողները:

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստեց, որ Էդվարդ Դանիելյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երիտասարդ սերնդի դաստիարակության գործին. «Արդեն մեկ ու կես տարի է, որ մեր սիրելի ընկերը մեզ հետ չէ, բայց նրա կերպարն ու խորհուրդները միշտ վառ կմնան մեր սրտերում: Էդվարդ Դանիելյանը մեծ ներդրում է ունեցել և՛ ուսումնական գործընթացի, և՛ գիտական առաջընթացի մեջ»:

 

Ֆակուլտետի դեկանը, ով նաև գրախոսել է նոր մենագրությունը, ներկայացրեց Էդվարդ Դանիելյանի կենսագրությունը՝ պատմելով, որ վերջինս ծնվել է 1952 թվականին Նաիրիի շրջանի Եղվարդ քաղաքում, մեծացել է հայկական ավանդապաշտ ընտանիքում. «Մենք ոչ միայն գործընկերներ էինք, այլև ընկերներ: Բազմաթիվ անգամ հյուրընկավել ենք նրա տանը, և հավատացնում եմ, որ մեր ընկերոջ ընտանիքն ավանդապաշտ, ջերմ ու հյուրընկալ է»:

 

Էդվարդ Դանիելյանը 1977 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1984-1988 թթ.-ին ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1996 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում՝ 1981 թվականից մինչև իր մահը տարբեր ֆակուլտետներում դասավանդելով մասնագիտական մի շարք դասընթացներ:

 

 

Էդիկ Մինասյանն ասաց նաև, որ Էդվարդ Դանիելյանն ուներ ընդգծված ազգային դիմագիծ և քաղաքացիական դիրքորոշում. «Եղել է Արցախյան շարժման ակունքներում, հանդիսացել գաղտնի կոմիտեի անդամ»:

 

Նոր մենագրության խմբագիր, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ Էդվարդ Դանիելյանը մարդ էր մեծատառով. «Նա շատ հետաքրքիր պատմաբան էր, որն ուներ հայեցակարգային մոտեցում հայոց պատմության վերաբերյալ: Ես հիշում եմ՝ բուհական դասագրքեր կազմելիս վիճելի հարցերի ժամանակ ի վերջո անցնում էր մեր սիրելի Էդիկի խոսքը, որի փաստարկված խոսքը վճռական էր միշտ լինում»:

 

 Հովիկ Գրիգորյանն ասաց նաև, որ մենագրությունը մեծ հաջողությամբ պաշտպանվել է որպես թեկնածուական ատենախոսություն դեռևս 1996 թվականին. «Տարիներ շարունակ պատմաբանը հրաժարվել է ուսումնասիրությունը որպես գիրք հրատարակելու գաղափարից՝ նպատակ ունենալով այն հղկել, հարստացնել արխիվային նորահայտ վավերագրերով ու նյութերով: Կյանքի վերջին տարիներին այդ ուղղությամբ նա մեծ աշխատանք կատարեց, բայց, ավաղ չհասցրեց իր ուզած ձևով ամբողջացնել սկսածը: Մենագրության մեջ շատ արժեքավոր են հատկապես աղյուսակները, որոնք գիտեք, թե որքան բարդ է կազմելը»:

 

Մենագրության գրախոսող, պատ. գիտ. թեկնածու Արտավազդ Դարբինյանն էլ իր խոսքում հիշեց, թե ինչ մեծ մանկավարժ էր նա. «Որպես մանկավարժ հետաքրքիր առանձնահատկություն ուներ. քննությունների ժամանակ ուսանողների թերի պատասխաններն ինքն էր լրացնում ու երկար ժամանակ նորից պատմում թեման: Ասում էր, որ այդպես նորից փորձում է ուսանողներին սովորեցնել՝ վստահ լինելով, որ քննության օրերին ուսանողների ուշադրությունն ամբողջությամբ սևեռվում է գիտելիքների վրա»:

 

Նշենք, որ մենագրության մեջ ներկայացվել և գիտական համապարփակ վերլուծության են ենթարկվել Մեծ եղեռնից փրկված և Անդրկովկասում ապաստանած արևմտահայ գաղթականության թվաքանակի, կացության և շարժերի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք այսօր էլ զուրկ չեն գիտական հետաքրքրությունից:

 

Տեղեկացնենք, որ գիրքը նախատեսված է պատմաբանների, ուսանողների, ցեղասպանության հիմնախնդրով զբաղվողների և խնդրի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ընթերցողների համար:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Ա. ՄԱՆԱՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավ. գիտ. թեկնածու Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ ՀԱՄՇԵՆԻՆ. «ՀԱՄՇԵՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը: