06.10.2017 | 
Կրթություն
ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԹՈՒՐՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ ԹՈՒՐՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ռուբեն Մելքոնյանն ապագա թուրքագետներին նվիրեց իր հեղինակած «Թուրքական գրականության պատմություն» բուհական դասագիրքը:

Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանն ուսանողներին ներկայացրին մեր իրականության մեջ առաջին հայերեն «Թուրք գրականության պատություն» բուհական դասագրքի ստեղծման պատմությունն ու կարևորությունը հայաստանյան գիտակրթական ոլորտում:

 

«ԵՊՀ-ում թուրքագիտություն է դասավանդվում 20-րդ դարի կեսերից, սակայն մինչ օրս հայալեզու գրականություն չկար: Խորհրդային ժամանակներից մնացած գրքերը միշտ չէ, որ բավարարում են մեր պահանջները և ճիշտ լույսի ներքո ներկայացնում ազգային գաղափարները, իսկ թուրքագիտության ուսումնասիրման տեսանկյունից խնդիրն էլ ավելի է սրվում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը և ընդգծեց, որ կրթական համակարգում մասնագետների կողմից դասագրքաստեղծ գործունեությունը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:

 

Դասագրքում ներառված է 1920-ականներից մինչև 21-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածի թուրքական գրականության պատմությունը: Ուսումնասիրվել են այդ ժամանակաշրջանում գրական գերակա ուղղությունները, թեմատիկ նախապատվությունները և դրանց հասարակական-քաղաքական պատճառները:

 


Ալեքսանդր Սաֆարյանն էլ, ով գրքի խմբագիրն է, շնորհավորեց ուսանողներին ու արևելագիտական հանրությանը դասագրքի հրատարակման կապակցությամբ և նշեց, որ աշխատության ստեղծումը կյանքի է կոչում Թյուրքագիտությամբ ամբիոնի հիմնադիր վարիչ, երջանկահիշատակ պրոֆեսոր Մերի Հրաչյայի Քոչարի պատգամը:

 

«Իրականում դեռևս տասնյակ տարիներ առաջ հայերենով թուրքագիտական գրականության ստեղծման և եկող սերունդներին ազգային դաստիարակություն տալու պատգամը մեզ թողել է մեծ հայրենաասեր Մերի Քոչարը: Նա շատ լավ էր ընկալում մեր ազգային իղձերը: Նախկին «խորհրդային կենտրոնում» տպագրված դասագրքերը հաճախ ճշմարտացիորեն չէին արտացոլում թուրքական հասարակական-քաղաքական դիսկուսում հակահայկակականության և հակահունականության հրամայականների իրողությունները»,- ասաց պրոֆեսորը:

 

Հեղինակն աշխատության մեջ ներկայացրել է նաև առավել հայտնի թուրք գրողների կենսագրությունները, նրանց գրական-ստեղծագործական ուղու առանձնահատկությունները, ինչպես նաև առանձին ստեղծագործությունների համառոտ վերլուծությունները:

Այլ նորություններ
«ERASMUS»-Ը ԿԱՋԱԿՑԻ ԲԻՈԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈԼՈՐՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Փետրվարի 5-9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է «Erasmus+KA2»-ի «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» ծրագիրը:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման ժամաքանակների փոփոխության վերաբերյալ քննարկումներին նվիրված ասուլիս: