25.02.2016 | 
Կրթություն
ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ
ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԷԹԻԿԱՅԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ
Փետրվարի 24-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորների խորհրդի նիստը: Այն վարում էր խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին «Բուհերում դերակատարների էթիկայի կանոնագիրք» ու «Բարձրագույն կրթության ոլորտի էթիկայի կանոնագիրք կազմելու մասին ուղեցույցը» փաստաթղթերի նախագծերը: Դրանք ռեկտորների խորհրդի անդամներին ներկայացրեց Շոտլանդիայի արևմուտքի համալսարանի պրոֆեսոր, ծրագրի փորձագետ Յան Սմիթը: Նշենք, որ հենց նույն օրը նա այդ նախագծերը ներկայացրել էր նաև համալսարանականներին ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստում:

 

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում մշակված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում դերակատարների էթիկայի կանոնագրքի» նախագիծը և «Բարձրագույն կրթության ոլորտի էթիկայի կանոնագիրք կազմելու մասին ուղեցույցը» ներկայացնելուց հետո տեղի ունեցավ քննարկում: Քանի որ բուհերում էթիկայի կանոնագրքի ներդրման անհրաժեշտությունն այսօր առաջնային խնդիրներից է, այդ իսկ պատճառով որոշ բուհերի ռեկտորներ իրենց հարցերն ուղղեցին և տեսակետները հայտնեցին միջազգային փորձագետին:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ այս ծրագիրը ՀՀ Կառավարության կողմից ներկայացվում է որպես հակակոռուպցիոն պայքարին համարժեք բաղադրիչ: Պարոն Սիմոնյանը համոզված է՝ ռեկտորների խորհրդի նիստում հնչած կարծիքներն ու առաջարկություններն ունենալու են պրակտիկ ելքեր ոչ միայն բարեվարքության կանոնակարգերի մշակման և ընդունման, այլև հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր համատեքստում:

 

Հանդիպմանը, բացի ռեկտորներից, մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նա կարևորեց «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում մշակված փաստաթղթերի ներկայացումն ակադեմիական հանրությանը և կոչ արեց բուհերին ավելի ակտիվ մասնակցել քննարկումներին, քանի որ բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման, էթիկայի և հակակոռուպցիոն կանոնակարգերի ներդրումը պարտադիր է:

 

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողության, երիտասարդության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոբյանի այն հարցին, թե ինչ են հասկանում՝ ասելով հաշվետու լինել ուսանողական խորհուրդներին, Յան Սմիթը պատասխանեց. «Պետք է հաշվետվողականություն լինի աշխատակիցների և ուսանողների միջև: Այն ընդունված ձև է, որը կիրառվում է արտասահմանյան մի շարք բուհերում և հաշվետողականության տեսակներից մեկն է: Տարբեր հասարակություններում մեխանիզմներն են տարբեր: Բացի այդ՝ այս փաստաթուղթը պետք է հիմք հանդիսանա, որ յուրաքանչյուր կրթական հաստատություն ինքն ընտրի իր առաջնահերթությունները»:

 

Նշենք, որ ռեկտորների կողմից հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին մարդկային ռեսուրսների կառավարմանը, դրանց վերաբերյալ առկա փաստաթղթերին, հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերին, Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ կապերի ձևավորմանը, էթիկայի պահպանման առաջնային սկզբունքներին և այլն:

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: