07.06.2018 | 
Մշակույթ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ». ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ». ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական էսքիզներ» ներկայացման պրեմիերան՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին:

«Հայկական էսքիզներ»  ներկայացման հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն ստեղծագործությունն է: Բեմադրության սցենարի հեղինակները ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և Անի Միքայելյանն են, բեմադրող ռեժիսորը՝ Կարինե Դավթյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, դերերը կերտել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:




Մեզ հետ զրույցում Կարինե Դավթյանն ասաց, որ վաղուց էր մտածում որևէ հայրենասիրական գործ բեմադրելու մասին, որն այսօրվա երիտասարդության հոգուց կբխի. «Երկար տարիներ եմ որոնել, շատ գործեր կարդացել, բայց ոչ մեկն այն  մտածողությանը չէր համապատասխանում, որը կուզեի: Մի օր էլ հիշեցի, որ տարիներ առաջ իմ ձեռքն էր ընկել Վարդգես Պետրոսյանի պիեսը, որը նա գրել էր Դրամատիկական թատրոնի համար: Պիեսը ժամանակին բեմադրվել է: Նորից վերընթերցեցի և հասկացա՝ սա այն է, ինչ պետք է բեմադրել հիմա»:

Կարինե Դավթյանը ներկայացման մեջ նոր հերոսներ և դեպքեր է ներառել. «Պիեսը գրվել էր մի ժամանակաշրջանում, որից հետո մեր ժողովրդի կյանքում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնցից են Արցախյան հերոսամարտը, Քառօրյա պատերազմը: Վերջինս ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Երիտասարդ տղաների հայրենասիրական այդ շունչն անչափ հուզիչ է, և, կարծում եմ, որ դեռևս չի ստեղծվել մի գործ, որը լավագույնս կարտացոլի այն: Ես իմ հոգու պարտքը համարեցի «Հայկական էսքիզներում» ավելացնել այդ երկու կարևոր դրվագները՝ իրենց հերոսներով»:

 


Բեմադրությանը նոր մտածողություն, երիտասարդական նոր շունչ փոխանցելու համար է, որ տիկին Դավթյանը սցենարը կազմելիս աշխատել է «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանի հետ. «Անկախության մասին նրա էսսեն մեծ ազդեցություն էր թողել բոլորիս  վրա: Հրաշալի մտածողություն ունի: Դրա համար էլ կանչեցի նրան և ասացի, որ ուզում եմ՝ միասին նմանօրինակ գործ սկսենք: Մոտավորապես մեկ տարի աշխատել ենք պիեսի ստեղծման համար»:

 

Ներկայացման պրեմիերային հրավիրված էին նաև Վարդգես Պետրոսյանի ընտանիքի անդամները, որոնք սիրով ընդունել էին տիկին Դավթյանի կողմից առաջարկած նոր լուծումները, ինչպես նաև ողջունել գործը նորովի բեմադրելու ցանկությունը:

 

Ներկայացումը հարուստ է նաև սիմվոլներով: Մեզ հետ զրույցում տիկին Դավթյանն ասաց, որ ամբողջ կոլորիտը փոխանցելու համար համագործակցել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ, ով մեծապես օգնել է  ցանկալի արդյունքի հասնելու համար:

 

«Ստեղծագործությունը թե՛ որպես պիես, թե՛ որպես բեմադրություն բարդ կառուցվածք ունի, և ես իրականում մեծ պատասխանատվության առաջ եմ կանգնեցրել «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներին, որոնցից շատերի համար այսօր առաջին բեմելն էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ սիրով և նվիրումով  են աշխատել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ով, ինչպես միշտ, աջակցեց և օգնեց, որ մեր գաղափարներն իրականան»,- ասաց Կարինե Դավթյանը:

 

Մշակույթի կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ ներկայացումը կցուցադրվի Արցախում, ինչպես նաև այլ բեմերում:

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՆՈՐ ԵՐԳԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ին նվիրված երիտասարդական երգի մրցույթի հաղթողներին և խրախուսական պարգևների արժանացած մասնակիցներին պարգևատրեց:
ԵՊՀ ԲԵՄՈՒՄ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և Վրաստանից ժամանած վրացական բանահյուսության քառյակի համատեղ համերգը: