31.10.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԻՄՆԵՑԻՆ ՆՈՐ ՊՈՒՐԱԿ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԻՄՆԵՑԻՆ ՆՈՐ ՊՈՒՐԱԿ
Համալսարանականները հոկտեմբերի 27-29-ը ազգ-բանակ կապի ամրապնդմանն ուղղված հերթական ծրագրով կրկին Արցախում էին:

Արդեն 8 տարի է, ինչ Մայր բուհի ուսանողներն Արցախի ազատագրված տարածքներում իրականացնում են ծառատունկ: Ավելի քան 90 ուսանողներ ուղևորվեցին Արցախի Հանրապետություն՝ իրականացնելու ուսանողական հերթական ծրագիրը:

 

«Այս այցելությունները շատ կարևոր են և՛ ուսանողների համար, ովքեր ավելի հայրենասեր են դառնում, որովհետև ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց այսպիսի միջոցառումների միջոցով է տեղի ունենում, և՛ Արցախի համար, որ արցախցին իմանա՝ հասարակությունը իր կողքին է»,- իր խոսքում նշեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

 

 

ԵՊՀ-ականների այցը սկսվեց Արցախի հյուսիսից: Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին նրանք նվիրեցին համալսարանի՝ վերջին տարիներին հրատարակած գրքերից, հիմնականում հայագիտական աշխատություններ: Քարվաճառում ուսանողները հիմնեցին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված պուրակ:

 

«Մեզ համար համալսարանականների ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի: Ժողովրդի համար էլ է մեծ ոգևորություն. նրանք զգում են, որ մենակ չեն, իսկ զինվորների բարոյահոգեբանական վիճակն ամրապնդվում է»,- իր խոսքում նշեց Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը:

 

Արցախյան այցերի ընթացքում ուսանողները հաճախ են հանդիպումներ ունենում պետության ղեկավարների հետ: Այս անգամ նրանց հյուրընկալել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Վերջինս անմիջական ու ջերմ հանդիպման ընթացքում ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթները, պատասխանեց ուսանողների հարցերին:

 

 

Արցախ մեկնած համալսարանականների պատվիրակության մի մասը եղավ նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ իրականացված 3 մարզական բարեգործական խաղերի տոմսերի վաճառքից ստացված գումարով համալսարանականներն արևային մարտկոց էին գնել, որը նվիրեցին Արցախի N զորամասի N մարտական դիրքին, որտեղ, ի դեպ, մարտական հերթապահություն են իրականացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Մանուկյանը և Գոռ Դարմանյանը:

 

Արցախ կատարած այցի երրորդ օրը ուսանողները մասնակցեցին ավանդական ծառատունկին: Մի քանի տարի առաջ համալսարանականների հիմնած՝ Թաթուլ Կրպեյանի անվան պուրակը հրդեհի հետևանքով ամբողջովին ոչնչացվել էր: Ամբողջ պուրակից կանգուն էր մնացել միայն մի ընկուզենի, սակայն, ինչպես նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, պուրակն անպայման կվերականգնվի ուսանողների շնորհիվ:

 

Ամեն անգամ տարբեր ուսանողների Արցախում լինելու հնարավորությունը ավելի է կապում նրանց ազատագրված հայրենիքին ու ստիպում ավելի կարևորել ու գնահատել ունեցածը:

 

«Մեր ուսանողները եկել են իրենց ներկայությամբ զգալու հողի բույրը, արժևորելու այս հայրենիքը՝ որպես Հայաստանի անբաժանելի մաս: Մենք բարիք ենք սերմանում այս հողի վրա, այդպիսով մեր արմատները տնկում այս հողի մեջ»,- նշեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:

 

 

Մասնակիցներն այցի ընթացքում հնարավորություն ունեցան նաև այցելելու Արցախի պատմամշակութային կոթողներ, եղան Գանձասարում, Տիգրանակերտում, սակայն նրանց համար ամենատպավորիչը Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան այցելությունն էր: 

 

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: