02.06.2017 | 
Գիտություն
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ-ԻՑ Է
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՊՀ-ԻՑ Է
Մայիսի 31-ին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայկական մաթեմատիկական միության (ՀՄՄ) համագումարը:

Հայկական մաթեմատիկական միությանհերթական համագումարի ժամանակ, որը ղեկավարում էր ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, տեղի ունեցան ՀՄՄ-ի նոր ղեկավար մարմնի ընտրություններ, որի արդյունքում կազմվեց ՀՄՄ-ի նոր խորհուրդ՝ կազմված 40 անդամներից, որոնցից 16-ը արտերկրի քաղաքացիներ են:

 

ՀՄՄ-ի նոր նախագահ ընտրվեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը, ով կղեկավարի ՀՄՄ-ն առաջիկա երեք տարիներին:

 

Համագումարի ընթացքում անցած երեք տարիների գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ ՀՄՄ-ի նախկին նախագահ, պրոֆեսոր Տիգրան Հարությունյանը:

 

Յուրի Մովսիսյանն էլ իր ելույթում նշեց, որ մենք ապրում ենք համակարգչային գիտությունների զարգացման դարաշրջանում, երբ արժևորվում է մաթեմատիկական գիտությունների հիմնարար դերը. «Եվ պատահական չէ, որ մեր շրջանավարտները եվրոպական և ամերիկյան համալսարաններում ունեն փայլուն հաջողություններ: Մենք պետք է ակտիվացնենք մեր գիտական համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ ընդգրկելով երիտասարդ մասնագետների»:

 

Մեզ հետ զրույցում ՀՄՄ-ի նոր նախագահը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նվիրված մաթեմատիկայի դասականներից մեկի՝  հայազգի Էմիլ Արթինի ծննդյան 120-ամյակին: ՀՄՄ-ն կհայտարարի նաև հատուկ տարեկան մրցանակ՝ երիտասարդ մասնագետների լավագույն աշխատանքի համար:

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին: