19.04.2019 | 
Կրթություն
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՇԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՇԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին իրավաբանական անգլերեն ուսուցանելու նպատակով «Մարդու իրավունքների տուն Երևան» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ցանցի հետ համատեղ մշակվել է «Իրավաբանական անգլերեն» դասընթացը:

Դասընթացի նպատակն է բարելավել մասնակիցների անգլերեն կարդալու, լսելու և խոսելու կարողությունները, ինչպես նաև հարստացնելու մասնակիցների իրավաբանական անգլերենի բառապաշարը՝ ամերիկյան, եվրոպական և հայաստանյան պետության և իրավունքի վերաբերյալ իրավական և կրթական աղբյուրների (տեքստ, աուդիո) ինտերակտիվ ուսումնասիրման ճանապարհով:

 

Ծրագրի տևողությունը երկու ամիս է: Դասընթացը վարելու է «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի կամավոր Քեթի Շերդանը: Ծրագրի ղեկավարների հավաստմամբ, հաղորդակցումն անմիջապես  լեզվի կրողի հետ և ուսուցման նորարական ու ինտերակտիվ մեթոդի կիրառումը ՝ լեզվի յուրացումը կդարձնեն հնարավորինս հեշտ ու հետաքրքիր։

 

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ ծրագիրը մշակվել է ֆակուլտետի զարգացման ծրագրով նախատեսված միջազգայնացման գործընթացի շրջանակում. «Մեր առջև նպատակ ենք դրել հաստատելու և ամրապնդելու միջազգային կապերը, ինչպես նաև ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին առավելագույնս ներգրավելու միջազգային ծրագրերում, հրապարակումներում, միջոցառումներում, և այդ գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անգլերենի ուսուցման այս ծրագիրը հրաշալի միջոց կդառնա»:

 

Գագիկ Ղազինյանը նշեց, որ ուսանողների հետաքրքրվածությունը շատ մեծ է. «Ծրագրի հաջող ավարտից հետո նախատեսում ենք փնտրել հնարավորություններ՝ այն շարունակական դարձնելու համար»: Դեկանը տեղեկացրեց նաև, որ ծրագրի իրականացմանը մեծապես օժանդակել է Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դասախոս Վարսեր Կարապետյանը:

 

«Իրավաբանական անգլերեն» դասընթացին մասնակցում են անգլերենի միջին մակարդակի իմացություն ունեցող ուսանողները։ Լեզվի իմացության մակարդակի ստուգման նպատակով ուսանողներն արդեն լրացրել են անգլերենի առցանց թեստ, որի արդյունքներով միջին և բարձր մակարդակ ունեցող ուսանողների հետ անցկացվում է բանավոր հարցազրույց՝ անգլերենով հաղորդակցվելու կարողությունը ստուգելու նպատակով: Հարցազրույցի արդյունքում ընտրվելու են դասընթացի մասնակիցները։

 

Տեղեկացնենք, որ դասընթացի ավարտին տրամադրվելու է մասնակցության վկայական։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՎԱՐՉԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան ուսանելու «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրում:
ԵՊՀ-Ի ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի չինագիտության կենտրոնում այսօր դասախոսություններով հանդես եկան Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գիտաշխատողներ Լի Սյան, Յույ Խունլյանը, Տան Չժի Ցաոն և Խուան Յունգուանը: