14.09.2018 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԳՐԱՖԵՆԱՆՄԱՆ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԳՐԱՖԵՆԱՆՄԱՆ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերից երկուսն իրականացվելու է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում:

Նշենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հրապարակել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: ԵՊՀ-ից ֆինանսավորման են երաշխավորվել 43 թեմաներ:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի կողմից  ներկայացրած «Ուժեղ տերահերցային ճառագայթման ազդեցությունը քվանտային կետերով արհեստական գրաֆենանման գերցանցերի բնութագրերի վրա» գիտական ծրագրի մասին զրուցեցինք խմբի անդամների հետ:

Նշենք, որ հաղթող ճանաչված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհները տրամադրվելու են 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին:

 

Վերոնշյալ գիտական ծրագրի իրականացման համար խումբը բաղկացած է 5 անձից, այդ թվում նաև Տարապակայի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Դավիթ Լարոզեն, ով հանդես է գալիս որպես խմբի խորհրդատու:

 

2014 թ.-ից ի վեր դոկտոր Լարոզեի հետ համագործակցության արդյունքում խումբը միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրվել է ավելի քան 10 համատեղ աշխատանք, ինչպես նաև իրականացվել են համատեղ դրամաշնորհային ծրագրեր:

 

Գիտական ծրագրի խմբի անդամ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Վռամ Մուղնեցյանի խոսքով, վերոնշյալ գիտական ծրագիրն իր ներդրումը կունենա կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի և սարքաշինության բնագավառում: «Այս ծրագիրը ԵՊՀ ուսանողներին ու գիտաշխատողներին լայն հնարավորություն կտա ծանոթանալու ծրագրի շրջանակում մշակվող գրաֆենանման կառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման և կառավարման նորագույն մեթոդներին»,- հավելեց նա:  

 

Վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Մանուկ Բարսեղյանը նշեց, որ զրո-չափային նանոկառուցվածքներից կազմված, գրեթե կատարյալ պարբերականությամբ կարգավորված բարձրորակ հետերոկառուցվածքների աճեցման բնագավառում վերջին ձեռքբերումների շնորհիվ քվանտային կետերը և քվանտային օղակները լավագույն թեկնածուներ են արհեստական գրաֆենանման ցանցերի ստեղծման համար:  

 

«Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել արտաքին դաշտերի, Ռաշբայի սպին-ուղեծրային փոխազդեցության և ուժեղ ՏՀց-ային ճառագայթման ազդեցությունները քվանտային կետերից և օղակներից կազմված արհեստական գրաֆենանման գերցանցերի տարբեր բնութագրերի և դրանցում ընթացող պրոցեսների վրա: Մասնավորապես, նախատեսվում է ուսումնասիրել նշված արտաքին գործոնների ազդեցությունը գերցանցի էլեկտրոնային գոտիական կառուցվածքի և Հոլի քվանտային երևույթի վրա, որը հնարավորություն կտա ՏՀց-ային ճառագայթման և սպին-ուղեծրային փոխազդեցության  միջոցով ուսումնասիրելու և կառավարելու դիրակյան էլեկտրոնների վարքը»,- հավելեց  նա:

 

ՖԳՀԻ-Ի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, թիմի անդամ Արամ Մանասելյանի կարծիքով, քվանտային կետերից և օղակներից կազմված գերցանցերի էլեկտրոնային և տրանսպորտային բնութագրերի մասին ամբողջական պատկերացում ապահովելուց բացի՝ թեմայի շրջանակում իրականացված հետազոտությունը կնպաստի ՏՀց-ային դետեկտորների, մեծ արդյունավետությամբ արևային բջիջների, ֆոտոնային ճառագայթիչների և այլ սարքերի նախագծմանը, ստեղծմանը և կատարելագործմանը:

 

Նշենք, որ վերոնշյալ նախագծի մասնակիցներից է ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի մագիստրատուրայի ուսանողուհի Վիկա Արզումանյանը, ով վերջերս է միացել թիմին և ակտիվորեն մասնակցում է խմբի աշխատանքներին:

 

Վերջին տարիների ընթացքում թիմի անդամները շահել, ղեկավարել և հաջողությամբ իրականացրել են բազմաթիվ գիտահետազոտական դրամաշնորհային ծրագրեր:  

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցները սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի հարավային հատվածում մասնակցել են հայ-գերմանական համատեղ գիտարշավին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Աստղիկ Ղազարյանը: