16.04.2019 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ
ԵՊՀ պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական ամենամեծ և իր ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ թանգարանը համալրվել է համալսարանին վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, ԵՊՀ դասախոսների հուշեր, կերպարվեստի գործեր, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ընծայագրերով գրքեր): Այդ մասին ysu.am-ին տեղեկացրեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը:

Ըստ այդմ՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված համալսարանականներին նվիրված անկյունը համալրվել է 1938-1939 թթ. ԵՊՀ ռազմական ամբիոնի պետ Անդրանիկ Ղազարյանի և ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի ուսանող Սուրեն Սարգսյանի լուսանկարներով, որոնք արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ Արցախյան գոյապայքարին նվիրված ցուցավահանակներում տեղ են գտել Արցախյան ազատամարտին մասնակցած 104 համալսարանականների անունները:



Դրանից բացի՝ ավելացել են նաև լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր, զոհված ազատամարտիկների մասին հրատարակված գրքեր, ինչպես նաև նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի լուսանկարը:





Ուսանողական կյանքը լուսաբանող անկյունը հարստացել է հայ մեծանուն գրողներ  Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Խաչիկ Դաշտենցի, Վահագն Դավթյանի, որոնք եղել են ԵՊՀ շրջանավարտներ, ինչպես նաև 1920 թ. համալսարանի ազատ ունկնդիր Եղիշե Չարենցի լուսանկարներով: 


Նույն անկյունում ցուցադրվել են նաև մեր նորօրյա հերոսներ, ուսանողներ Գոռ Դարմանյանի, Շուլի Հակոբյանի, Գևորգ Մանուկյանի լուսանկարները, որոնք Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց սխրանքով ապացուցեցին, որ հայ ժողովրդի ոգին, մտքի ու բազկի ուժն ի զորու են հրաշքներ գործելու:


Առանձնակի ուշադրության է արժանի 1930-ականներին բռնաճնշումների ենթարկված համալսարանականներին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են շինծու մեղադրանքներով բռնադատված, աքսորված, գնդակահարված ԵՊՀ դասախոսների մասին ՀՀ ազգային արխիվից ձեռք բերված բացառիկ տեղեկություններ: 


Թանգարանը համալրվել է այնպիսի եզակի նմուշներով, ինչպիսիք են 1919 թ. Երևանի համալսարանի կազմակերպիչ հանձնաժողովի նիստերի սղագրություններն ու արձանագրությունները, 1919 թ. ստեղծված Երևանի համալսարանի առաջին կանոնադրությունը, բազմաթիվ հին փաստաթղթեր, Հր. Աճառյանի «Ձեռագրական սրբագրություններ հայ մատենագրության մեջ» գիրքը, Հովհաննես Նավակատիկյանի «Վերլուծական երկրաչափություն» դասագիրքը, Հարություն Անժուրի երկու դասախոսության ձեռագիր օրինակները, Գ. Ասատուրի բազմաթիվ ձեռագրեր, ինչպես նաև այլ ձեռագիր հնատիպ դասագրքեր: 



«Ուշագրավ է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա, հոգեբան Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» դասագիրքը (թարգմանությունը՝ ԵՊՀ դասախոս Սիրական Տիգրանյանի), որը համալսարանի առաջին հրատարակությունն է (Ալեքսանդրապոլ, 1920 թ.)»,- նշեց Հ. Գասպարյանը և հավելեց,- «այցելուներին հատկապես հիացնում է Գլաձորի 13-րդ դարի ձեռագիր մատյանի մանրակերտը»:


«Ա. Սիմոնյանի ջանքերով թանգարանի ձեռագրերի հավաքածուն հարստացավ ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ 1885-1886 թթ. Մոսկվայի համալսարանում կարդացած դասախոսությունների եզակի ձեռագիր օրինակով (164 էջ), ինչպես նաև գերազանց առաջադիմության համար Գրիգոր Ղափանցյանին Սանկտ Պետերբուրգի գիմնազիայի ղեկավարության 1900 թ. նվիրած 3 գրքերով»,- ներկայացրեց Հ. Գասպարյանը: 



Ի դեպ, թանգարանի ցուցադրությունը համալրվել է նկարիչ Գևորգ Եղիազարյանի՝ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված 6 կոլաժներով:



Թանգարանում բացվել է նաև նոր ցուցասրահ, որտեղ ներկայացված են տարբեր այցելությունների առթիվ ԵՊՀ հյուրերից ստացված բազմաթիվ հուշանվերներ, որոնցից շատերը վկայում են համալսարանի միջազգային համագործակցական կապերի մասին:


Ըստ Հ. Գասպարյանի՝ թանգարանում կազմակերպված էքսկուրսիաներն օգնում են հանրակրթական դպրոցների աշակերտներին կողմնորոշվելու իրենց մասնագիտությունն ընտրելիս, ինչպես նաև նպաստում են ԵՊՀ ուսանողների  հոգեկերտվածքի ձևավորմանը:



«Թանգարանի բազմաթիվ այցելուներ՝ ուսանողներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, հյուրեր ինչպես մեր հանրապետությունից, այնպես էլ արտերկրից, մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում Մայր բուհի պատմությանը և իրենց գրառումները թողնում թանգարանի տպավորությունների գրքում»,- խոսքն ամփոփեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրենը:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: