Երեկ մեկնարկած աշխատաժողովը կրում է «Award Criteria and Quality standards in PhD education» խորագիրը: Ծրագրին մասնակցում են հայաստանյան 11 բուհեր, ինչպես նաև ԿԳ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և «Կրթության կառավարում» ՀԿ-ն: Ծրագրի համակարգողը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է: Գործընկերներից 5-ն էլ եվրոպական կրթական հաստատություններ են:
«Այս աշխատաժողովի նպատակն է մշակել բարձրագույն կրթության 3-րդ մակարդակի՝ ասպիրանտուրայի որակի ստանդարտները և աստիճանաշնորհման չափորոշիչները: Մինչ այս քննարկումներ են եղել մեր եվրոպացի գործընկերների հետ, ամեն բուհ էլ իր ներսում է կազմակերպել քննարկում: Աշխատաժողովից հետո կամփոփվեն այդ մշակումները, և կներկայացվեն ՈԱԱԿ-ին, որն էլ կներկայացնի ստանդարտներն ու չափորոշիչները»,- ասում է «Վերիտաս» նախագծի համակարգող Մարինա Բալասանյանը:
Նշենք, որ որակի ստանդարտներ մինչ այժմ Հայաստանում չեն եղել, իսկ աստիճանաշնորհման չափորոշիչները տարբեր բուհերում տարբեր են՝ պայմանավորված իրենց ուղղվածությամբ: Դրանք մինչ այժմ ամփոփված չեն մեկ փաստաթղթում: Այս աշխատաժողովը լուծելու է նաև այդ խնդիրը:
Մեկուկես տարի առաջ մեկնարկած ծրագրի սկզբում մասնակիցներին է ներկայացվել Զալցբուրգյան սկզբունքները, որոնք ուղղված են հետազոտական կրթության զարգացմանը, և դրանց կիրառումը եվրոպական բուհերում: Հայկական բուհերն էլ իրականացրել են ինքնավերլուծություն՝ վեր հանելու համար ներկայիս իրավիճակը:
«Ասպիրանտական կրթության վերաբերյալ այն ամենը, ինչ ներկայացվում է այս ծրագրի շրջանակում, նոր չէ, պարզապես նորովի մեկնաբանելու, տարբեր բուհերի մոտեցումները նույնացնելու խնդիր կա, և, որ ամենակարևորն է, փորձում ենք ստանալ որակի վերահսկման մեխանիզմներ, որոնք ասպիրանտուրայում առ այսօր չկան սահմանված»,- նշում է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Աշխատաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 13-ը: