20.07.2018 | 
Գիտություն
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:

Ոսանողական գիտական ընկերության պարբերականի էջերում տեղ են գտել 225 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած գրեթե 400 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության: Ի դեպ, տպագրված հոդվածները հասանելի են նաև ԵՊՀ կայքում:

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, շնորհավորելով հոդվածագիրներին, ասաց, որ կառույցի գործունեության արդյունավետության հիմնական ցուցիչը գիտական նստաշրջանների կազմակերպման և դրան հաջորդող հոդվածների տպագրման գործընթացի որակյալ ապահովումն է:

 

«Մենք տարեցտարի արձանագրում ենք զեկուցող և հոդվածագիր ուսանողների և ասպիրանտների ներգրավվածության քանակական աճ, ինչը մի շարք կարևոր հանգամանքների մասին է վկայում: Առաջին հերթին, իհարկե, այն ցույց է տալիս, որ ՈՒԳԸ-ն մեծ վստահություն է վայելում, և այն, որ նրանց համար ԲՈԿ-ի կողմից հաստատված մեր ամսագիրը կարևոր հարթակ է գիտական աշխատանքները ներկայացնելու համար»,- ասաց Վ. Շերենցը:

 

Վանատուր Շերենցը խոսեց նաև բացթողումների մասին, որոնցից առանձնացրեց նաև  այն, որ դեռևս չի հաջողվում սեղմ ժամկետներում իրականացնել հոդվածների տպագրությունը. «Իհարկե, այդ բացողումը կապված է մի շարք պատճառների հետ, բայց մենք աշխատանքներ ենք իրականացնում այդ խնդրին արդյունավետ լուծում տալու համար: Վստահ եմ, որ ապագայում մենք կգերազանցենք մեր այսօրվա սահմանած նշաձողը և էլ ավելի կկատարելագործենք մեր աշխատանքը»:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նույնպես շնորհավորեց բոլոր հոդվածագիրներին և ասաց, որ ժողովածուն ԲՈԿ-ում գրանցված է որպես պարբերական ամսագիր, ինչը նշանակում է, որ այստեղ տպագրված հոդվածները ճանաչելի են թեկնածուական ատենախոսության պաշտպանությունների համար:

 

«Ի դեպ, այն էլեկտրոնային ներկայացվածությունը, որն ունի մեր ժողովածուն, գրեթե ոչ մի այլ գիտական պարբերական չունի: Իսկ ինչ վերաբերում է տպագրության ժամկետներին, ուզում եմ ձեզ համար պարզաբանել ուշացման պատճառներից մեկը:  Մենք մեր առջև խնդիր ենք դնում ոչ թե միանգամից մերժել հոդվածագիրներին, այլև սկսում ենք աշխատել նրանց հետ, ամեն կերպ ջանում, որ հոդվածը մշակվի և համապատասխանի մեր կողմից սահմանված չափորոշիչներին: Աշխատանքներն ավելի են երկարում հատկապես, երբ հոդվածագիրներն այլ բուհերից են լինում, իսկ մենք ամեն ինչ անում ենք նրանց օգնելու համար»,- պարզաբանեց պրոռեկտոր:

 

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսի ավարտին միջոցառմանը ներկա բոլոր հոդվածագիրները ստացան իրենց օրինակները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԿԵՆՍԱՋՐԱԾՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՍՏԱՎՈՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Օրգանական թափոններից դեպի կենսաջրածին. Թափոնների նախամշակումը և մանրէներում H2-ի արտադրության խթանման գործընթացների կարգավորումը» թեման:
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում: